երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հրազդանում կասեցվել է դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը

Հրազդանում կասեցվել է դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի  տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Հրազդանի թիվ 13 ՆՈւՀ» ՀՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտում՝ խոհանոցում:

Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ դպրոցի խոհանոցը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։

Մասնավորապես՝

 

- հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով` ապահովված տաք և սառը ջրով, արհեստական օդափոխության համակարգերով, որոնք կանխում են աղտոտված օդի ներթափանցումը տարածք,

- սննդամթերքի պահեստի, խոհանոցի և սպասք լվանալու սենյակի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատված չեն եղել հեշտությամբ լվացվող ու անջրանցիկ, չներծծող, նյութերով,

- առաստաղը և պատուհանները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը: 

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը և սահմանել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

  • Կիսվել: