կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՆԱ-ի աճը երկրորդ եռամսյակում 13 տոկոս է կազմել. Թունյան

ՀՆԱ-ի աճը երկրորդ եռամսյակում 13 տոկոս է կազմել. Թունյան

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հանձնաժողովի նիստում անդրադարձավ տարեկան տնտեսական ցուցանիշներին:

«Տարվա ցուցանիշները վատը չեն, տնտեսական ակտիվության ցուցանիշը մոտավորապես 13 տոկոս է հունվար-հուլիսի համար: ՀՆԱ-ի աճը երկրորդ եռամսյակում 13 տոկոս է կազմել: Այս հարցում մեծ դեր ունի առևտրի և ծառայությունների ոլորտը, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան եկող մարդկանց և կապիտալի ազդեցությամբ: Բոլորի համար պարզ է, որ այդ էֆեկտը ժամանակավոր է, այսինքն՝ մենք մշտապես այդ նույն չափով դրական ազդեցությունը մեր տնտեսության վրա չենք զգալու»,- ասաց նա:

Թունյանի խոսքով՝ պետք է օգտվել ստեղծված հնարավորությունից:

«Մեր խնդիրն է այնպես անել, որ այդ կարճաժամկետ օգուտից հնարավորինս շատ մասհանում անենք դեպի ավելի ենթակառուցվածքային ներդրումներ, որպեսզի երկարաժամկետ ու բարձր տնտեսական աճի համար հիմքեր ստեղծենք»,- ասաց պատգամավորը:

Պատգամավորը նաև անդրադարձավ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքին, որն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից: Նրա խոսքով՝ այս ընթացքում դժգոհություններ, առաջարկներ են ստացվել: Հիմա հանձնաժողովի փորձագետներն աշխատում են դրանց ուղղությամբ: Եվ առաջիկայում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ քննարկում կկազմակերպվի՝ հասկանալու, թե ինչ խնդիր կա, կա՞ արդյոք շտկելու կարիք:

  • Կիսվել: