շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՀՀ-ում կհիմնվի 18 խեցգետնաբուծական համալիր. տնտեսավարողներին կտրվի փոխհատուցում՝ ներդրումների 50%-ի չափով

ՀՀ-ում կհիմնվի 18 խեցգետնաբուծական համալիր. տնտեսավարողներին կտրվի փոխհատուցում՝ ներդրումների 50%-ի չափով

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 13-ի  նիստում հաստատեց Հայաստանում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիրը:

Նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, ով նշեց, որ ծրագրի շրջանակներում պետական աջակցությունն իրականացվելու է 2024 թվականից՝ ծախսերի մասնակի փոխհատուցման եղանակով:

Նրա խոսքով, արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացումը թույլ կտա հանրապետության ջրային տարածքներում վերականգնել վերջին տարիներին կտրուկ կրճատված խեցգետնի պոպուլյացիան։

Խեգետնի չկանոնակարգված և անվերահսկելի որսը, առավելապես Սևանա լճից, հանգեցրել են լճում դրա պաշարների կտրուկ նվազմանը։

Կարգավորման նպատակն է ներդրումային ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, տեղական արտադրության խթանմանը, հանրապետությունում հավելյալ արժեքի ստեղծմանը։

Նախագծով առաջարկվում է 2024-2026 թթ․ հանրապետությունում հիմնել 18 խեցգետնաբուծական ժամանակակից համալիրներ (12 փոքր, 3 միջին և 3 խոշոր)։ Նախատեսվում է տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում՝ կատարված ներդրումների 50%-ի չափով։ Նախագծի ընդունման դեպքում փոխհատուցվող ընդհանուր գումարը կազմում է 897,0 մլն դրամ, ինչի համար անհրաժեշտ կլինի ՀՀ 2024, 2025 և 2026 թվականների պետական բյուջեից տարեկան հատկացնել 299,0 մլն դրամ։

Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ներդնել արդյունաբերական եղանակով խեցգետինների բուծման և աճեցման տեխնոլոգիան՝ ձևավորելով խեցգետնաբուծական համալիրների ընդարձակ ցանց և վերականգնել խեցգետնի արտահանման գործընթացը։

Ծրագրի իրականացման արդյունքում հանրապետությունում տարեկան կարտադրվի 162 տոննա խեցգետին, կամ տարեկան լրացուցիչ ստանալ 1 մլրդ 620 մլն համախառն արտադրանք։

  • Կիսվել: