հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՀ համայնքները «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) ծրագրի նոր փուլ են թեւակոխում. Ընտրվել է Արենին

ՀՀ համայնքները «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) ծրագրի նոր փուլ են թեւակոխում. Ընտրվել է Արենին

«Հետաքրքրվածության հայտ. համայնքների փոխակերպման պորտֆելներ» կամ «պորտֆելային ուղեւորություն» կոչվող գործընթացի շրջանակում Եվրոպական միությունը (ԵՄ) եւ Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) Հայաստանի, Մոլդովայի եւ  Ուկրաինայի չորս տեղական կառավարման մարմին ընտրեցին։

Ընտրական հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունը (DG NEAR) եւ ՄԱԶԾ տարածաշրջանային հանգույցը, պորտֆելային գործընթացի իրականացման նպատակով հաստատեց տեղական կառավարման մեկ մարմնի՝ Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի ընտրությունը։  Հաստատվել են եւս երեք համայնք՝ Ալավերդին, Աշտարակը եւ Չարենցավանը՝ որպես «Քաղաքային իմաջինարիում 2020» ծրագրախմբի նորարարական դրամաշնորհի մասնակիցներ, որոնց հնարավորություն է տրվել դիմել 60,000 եվրոյի չափով նորարարական դրամաշնորհի մրցույթին՝ մենթորության միջոցով։

Արենին Հայաստանում ՀՀՏԶ ցանցի անդրանիկ համայնքն է, որը կյանքի կկոչի պորտֆելային մոտեցումը Հայաստանում։ Գործընթացը կներառի ՄԱԶԾ-ի եւ Chora հիմնադրամի հետ համատեղ 2-ից 3 տարի տեւողությամբ ուսուցողական «ուղեւորություն», որի ընթացքում կսովորեն նախագծել եւ կառավարել համայնքային փոխակերպման պորտֆելը: Նախատեսվող պորտֆելի ընդհանուր թեմատիկ առանցքն առավել արձագանքող, ճկուն եւ կենսակայուն տարածք ստեղծելու նպատակով «քաղաքի ձեւափոխումն» է, որտեղ բնակիչներն ավելի մեծ տնտեսական հնարավորություններ կունենան եւ կնպաստեն լայնախոհ մտածելակերպով գրավիչ ու կենսահաստատ համայնքի ձեւավորմանը։

«Անչափ ոգեւորված ենք, որ կարող ենք ավելի շատ ներգրավվել եւ աջակցել ընտրված համայնքներին իրենց զարգացման ճանապարհին: Chora հիմնադրամի հետ մեր համագործակցությունը հնարավորություն կտա մշակելու Արենի համայնքի զարգացման պորտֆելը եւ գործողության մեջ դնելու, միեւնույն ժամանակ աշխատել Ալավերդու, Աշտարակի եւ Չարենցավանի տեղական կառավարման մարմինների հետ՝ խոշորացված համայնքներում նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ։ ՀՀՏԶ-ն տեղին եւ ժամանակին ստեղծված մեխանիզմ է, որի խնդիրն է սատարել տեղական համայնքներին՝ բարդ ճգնաժամից հետո ոտքի կանգնելու եւ տնտեսապես զարգանալու համար», - ասաց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

Ի լրումն այս «խորը» ներգրավվածության, ՀՀՏԶ ցանցի բոլոր համայնքները կարող են օգտվել կրթական, վերապատրաստման եւ գիտելիքի փոխանակման հնարավորություններից, որոնք ուղղված են աճի նորարարական ռազմավարությունների մշակմանը, որոնք էլ, իրենց հերթին, լիովին հարմարեցված են համատեքստին եւ խարսխված տեղական էկոհամակարգերի վրա։ Արդյունքում կստեղծվի տեղական տնտեսական զարգացման ծրագրերի նոր սերունդ եւ Քաղաքային ուսուցման ծրագիր, որոնք հասանելի կլինեն բոլոր անդամներին:

Ընդհանուր տեղեկություններ

2021 թ. նոյեմբերի 12-ին ԵՄ-ն եւ ՄԱԶԾ-ն Հայաստանում մեկնարկել[1] են «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) գործիքը: Վերջինիս նպատակը Արեւելյան գործընկերության տարածաշրջանում հավասար եւ կանաչ զարգացման խթանումն է: Նոյեմբերին ՄԱԶԾ-ն եւ ԵՄ-ն սկսեցին ՀՀՏԶ ցանցի շրջանակում «պորտֆելային ուղեւորություն» իրականացնելու նպատակով համայնքների ընտրության գործընթացը:

  • Կիսվել: