չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀՀ և սփյուռքի գիտնականների համագործակցությունը գրանցել է կարևոր արդյունք․ հետազոտություններն անցկացվել են պանրի արտադրության ոլորտում

ՀՀ և սփյուռքի գիտնականների համագործակցությունը գրանցել է կարևոր արդյունք․ հետազոտություններն անցկացվել են պանրի արտադրության ոլորտում

«Հայաստանում «ADVANCE» հետազոտական թիմն ականավոր գիտնական Կարապետ Անդրանիկյանի գլխավորությամբ թափոնների վերամշակման միջոցով արժեքավոր նյութերի ստացման ուղղությամբ հաջողություններ է գրանցել»,-հրավիրված ասուլիսում  Գերմանիայի Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի կենսահենք լուծումների կենտրոնի տնօրեն, ADVANCE հետազոտական թիմի գիտական ղեկավար, պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանը նշեց, որ պատրաստակամ է Հայաստանում գործընկեր գիտնականների հետ կիսվելու հետազոտությունների ու մենջմենթի բնագավառում ունեցած իր մեծ փորձով ու կապերով:

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ ու աշխատում եմ գիտական խմբի հետ: Այսօր գլոբալ առումով երկիր մոլորակը մարտահրավերների առաջ է կանգնած, բնական ռեսուրսների հնարավորությունը գնալով նվազում է, և մենք, որպես հասարակություն, պետք է արձագանքեք դրան: Մենք վերափոխման պրոցեսում ենք, որտեղ գիտնականները կարող են մեծ դեր ունենալ՝ գտնելով նոր լուծումներ, նոր աղբյուրներ: Ունենք բիոմասա, որը մենք կարող ենք օգտագործել՝ վերափոխելով այն էներգիայի, կենսապլաստիկի, կենսաբանորեն ակտիվ նյութերի, որոնք կարող են փոխարինել բնական ռեսուրսները: Հայաստանը բնական ռեսուրսներ չունի, բայց ունի ուղեղներ: Մենք այստեղ ենք, որ Հայաստանի համար մշակենք նոր տեխնոլոգիաներ, նպաստենք մասնագիտական ներուժի զարգացմանը»,-ասաց պրոֆեսորը:

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոնի ավագ գիտաշխատող, ADVANCE ծրագրի ավագ գիտաշխատող Անի Պալոյանը տեղեկացրեց, որ մի քանի ամիս ուսումնասիրություններից հետո կենտրոնացան երեք թափոնների վրա՝ պանրի արտադրության արդյունքում առաջացող շիճուկը, գինու և գարեջրի արտադրության թափոնները:

«Հետազոտությունները սկսեցինք պանրի արտադրության արդյունքում առաջացած շիճուկից: Բավական մեծ արդյունքներ արդեն ունենք: Շիճուկի վերամշակմամբ կարող ենք ստեղծել համապատասխան միջավայր, որտեղ նպաստավոր պայմաններ կլինեն այնպիսի բակտերիաների համար, որոնք կարող է արտադրել ջրածին, ինչը ապագայում կարող է օգտագործվել որպես էներգիայի աղբյուր: Կարող ենք նաև աճեցնել այնպիսի միկրոօրգանիզմներ, որոնք իրենց մեջ կուտակում են բիոպոլիմերներ, որոնք կարող են վերածվել կենսապլաստիկի»,-ասաց Անի Պալոյանը:

ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, ADVANCE ծրագրի ավագ գիտաշխատող Հովիկ Փանոսյանը նշեց, որ շատ կարևոր է մեզանում գիտահեն տնտեսության ստեղծումը: Նա համոզմունք հայտնեց, որ հետազոտական արդյունքներն իրապես թույլ կտան Հայաստանում ստեղծել, զարգացնել շրջանաձև կենսատնտեսությունը:

«Շրջանաձև կենսատնտեսություն ասելով՝ պետք է հասկանանք վերականգնվող ռեսուրսների սպառում՝ ի շահ տնտեսության, թափոնների վերամշակումն ու շրջանառումը, ինչը մի շարք խնդիրներ կլուծի: Այլ տիպի տնտեսություններում մարդը միայն անընդհատ սպառում է բնական ռեսուրսը, թափոնը արտանետում է: Մենք պետք է ստեղծենք այնպիսի տնտեսություն, որ թափոնը կրկին մտնի շրջանառության մեջ՝ լինելով հասարակության համար պիտանի արտադրություն»,-ասաց Հովիկ Փանոսյանը:

ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանի խոսքով՝ գիտելիքահեն տնտեսություն ձևավորելը Հայաստանի համար կարևոր հեռանկարային ճանապարհ է:

  • Կիսվել: