ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ բանկային համակարգը արտաքին վճարումների հետ կապված խնդիր չունի. ԿԲ նախագահ

ՀՀ բանկային համակարգը արտաքին վճարումների հետ կապված խնդիր չունի. ԿԲ նախագահ

Հայաստանի բանկային համակարգը արտաքին վճարումների հետ կապված խնդիր չունի: Այս մասին վստահեցրեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե հայկական բանկերն ի՞նչ խնդիրներ ունեն SWIFT համակարգից Ռուսաստանյան բանկերի անջատման արդյունքում:

Նախորդ ասուլիսում, երբ հարց էր հնչել, թե SWIFT համակարգից Ռուսաստանի հնարավոր անջատումն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա, Գալստյանը կարճ էր պատասխանել՝ ծանր: Նրա խոսքով՝ այդ պատասխանից հետո  ԿԲ-ն որոշակի աշխատանք է իրականացրել՝ ակնկալելով որոշակի զարգացումներ: «Կարծում եմ՝ ճիշտ է, որ պրոակտիվ ենք եղել այդ հարցում: Այս պահի դրությամբ, բարեբախտաբար, ՀՀ բանկային համակարգը արտաքին վճարումների հետ կապված խնդիր չունի»,-վստահեցրեց Գալստյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի բանկերն էլ, ԿԲ-ն էլ ակտիվ աշխատում են նոր գործընկերների հետ թղթակցային հարաբերություններ ձևավորելու և բիզնեսին լավագույնս սպասարկելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է ՎՏԲ բանկին՝ նա հիշեցրեց, որ հաղորդագրություն են տարածել, որով պնդում են, որ բանկը բավականին առողջ վիճակում է գտնվում, գտնվում է ՀՀ ԿԲ-ի վերահսկողության ներքո: Կան որոշակի խնդիրներ, որոնք ՀՀ ԿԲ-ի տիրույթից դուրս են, սակայն դրանց հետ կապված ևս որոշակի լուծումներ փորձում են գտնել բանկի հետ համատեղ, և մոտ ժամանակներս այդ լուծումները կլինեն:

Ռուսաստանի տնտեսության անկումը, ՀՀ ԿԲ-ի գնահատականներով, մոտ 6 տոկոս է լինելու: Դա էական ազդեցություն ունի ՀՀ-ի վրա:

  • Կիսվել: