հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հետվճարի ծրագրին միացած կենսաթոշակառուների մոտ 10%-ը հուլիսին իրականացրել է շուրջ 524 մլն դրամի անկանխիկ գործարք. նախարար

Հետվճարի ծրագրին միացած կենսաթոշակառուների մոտ 10%-ը հուլիսին իրականացրել է շուրջ 524 մլն դրամի անկանխիկ գործարք. նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Կառավարության նիստի ընթացքին անդրադարձավ կենսաթոշակի և նպաստի 10% հետվճար ծրագրի շրջանակում հուլիս ամսին կատարած անկանխիկ գործարքների դիմաց հետվճարի թեմային:

«Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն - մասնավոր սոցիալական պատասխանատվության փոխգործակցության միջոցառումը հուլիսի 1-ից աշխատում է: Միջոցառմանը միացած բանկերում սպասարկվող քաղաքացիների շուրջ 10 տոկոսը` 17 հազար քաղաքացի, միայն հուլիս ամսին իրականացրել է շուրջ 524 միլիոն դրամի անկանխիկ գործարքներ»,- ասաց նախարարը:

Ըստ Փաշինյանի՝173 000 շահառուից 17 000–ը սկսել է անկանխիկ գործարքներ անել։

«44 մլն դրամ մենք նրանց հետվճար ենք անելու։ Եթե մենք այս թվերը գումարում ենք իրար, ապա այս փուլում մենք ինչ–որ ձեւով զսպում ենք գնաճի ազդեցությունը»,– ասաց նա։

Վարչապետը ՊԵԿ նախագահից հետաքրքրվեց, թե անկանխիկ գործարքներ անելու  հնարավորություն Հայաստանի բոլոր վայրերում կա՞, որ, օրինակ, գյուղի կենսաթոշակառուները իրենց գնումներն անեն անկանխիկ։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը թվեր ներկայացրեց.

«Մենք Հանրապետությունում ունենք 67 602 ՀԴՄ սարք, աս պահին 13 356 ՀԴՄ սարք POS տերմինալով աշխատում է, այսինքն՝ անկանխիկ գործարքներ հնարավոր է անել այս 13 356 ՀԴՄ սարքերով»։

Բադասյանն ասաց, որ այս պահին 25 737 էլեկտրոնային դիմում կա, որպեսզի նրանց POS տերմինալները ակտիվացվեն։ Կան նաեւ թղթային տարբերակով դիմումներ, որոնց քանակը, սակայն, հստակ չէ։

«Սպասում ենք, որ Կենտրոնական բանկից տեղեկացնեն, թե որ տնտեսվարողներն են դիմել թղթային տարբերակով, որպեսզի մենք վարչարարություն իրականացնենք չակտիվացվածերի հանդեպ։ Պատկերն ընդհանուր առմամբ ակտիվ է»,– ասաց ՊԵԿ ղեկավարը։

  • Կիսվել: