հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀԷՑ-ի բաժանորդ դառնալու վճարները բարձրացվում են. Գարեգին Բաղրամյան

ՀԷՑ-ի բաժանորդ դառնալու վճարները բարձրացվում են. Գարեգին Բաղրամյան

Միացման վճարների թանկացում է տեղի ունեցել, ապրիլի 1-ից միացման գների նոր սանդղակներ կան, միջին առումով 2-3 անգամ սակագինը բարձրանում է: Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  նախագահ Գարեգին Բաղրամյանն անդրադարձավ հարցին, թե ինչու՞ է որոշվել փոխել այն սակագները, որով նախկինում ՀԷՑ-ի ցանցին միացել են նոր բաժանորդները։ Ըստ նրա՝ միացման գնային սանդղակը հաջորդ ամսվա սկզբից միանման չի լինի, գնային սանդղակներն էլ  տարբեր կլինեն՝  կապված բաժանորդների, նրանց տեսակների հետ, օրինակ՝ անհատական բնակարաններ, պարզ միացումների տարբերակ և այլն։ 

«2008-ից այդ միացման վճարները չեն վերանայվել, երկար քննարկումների արդյունքում ապրիլի 1-ից վերանայում է կատարվել։ Ամբողջ սկզբունքը նրանում է, որ բոլոր նոր միացող բաժանորդները պետք է խնդիրներ չստեղծեն գոյություն ունեցող բաժանորդների համար, այսինքն՝ նոր միացող բաժանորդն արդեն միացած բաժանորդների համար սակագների վրա ազդեցություն չթողնի»,- նշեց նա։

«2008-ին, երբ ՀԷՑ-ին միացումներ եղել են, հարաբերակցությունը եղել է այսպես, որ իր միացման վրա ծախսվող գումարի 50 տոկոսը  բաժանորդն է փոխանցում, մնացած 50 տոկոսի համար ՀԷՑ-ը կատարում է ներդրումային ծրագիր և մնացած բոլոր բաժանորդները, բնականաբար, այդ ներդրումները  փոխհատուցում են։ Հետո իրավիճակը փոխվել է և դարձել է, որ նոր միացող բաժանորդն ընդամենը 10 տոկոսն է փոխհատուցում, իսկ մնացած  ներդրումները, որ անհրաժեշտ են բաժանորդին  միացում ապահովելու համար, գրեթե 90 տոկոս ներդրումները ՀԷՑ-ն էր փոխհատուցում»,- Բաղրամյանի խոսքով՝ միացման վճարումների սանդղակի վերանայմամբ փորձել են ոլորտում բալանսը վերականգնել։

  • Կիսվել: