ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայտարարագիր չներկայացնողները կտուգանվեն 20-300 դրամով

Հայտարարագիր չներկայացնողները կտուգանվեն 20-300 դրամով

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում հավանություն տվեց կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախանշված ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը վերաբերող նախագծին:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնեռլով նախագիծը, նշեց, որ դրանով առաջարկվում է 2023 թվականից սկսած, 3 հաջորդ տարիների ընթացքում ներդնել ՀՀ ռեզիդենտ բոլոր քաղաքացիների եկամուտների Համընդհանուր հայտարարագրման համակարգ. «Հայտարարագիրը պետք է նախալրացվի հարկային մարմնի կողմից: նախատեսվում է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, օրինակ, գործատուի կողմից հաշբվարկված եկամուտների եւ դրանցից բյուջե վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը, կամ երրորդ անձանցից հարկային մարմնի ունեցած տեղեկությունները: Այդ հայտարարագիրը նախնական  տեսքով, էլեկտրոնային եղանակով պատրաստել հայտարարատուի ծանոթացման համար: Յուրաքանչյուր անձ ունենալու է նույնականացված հաշիվ հայտարարագրերի համակարգում: Այդ համակարգում անձը գտնելու է իր համար լրացված նախահայտարարագիրը, ստուգելու է այն, անհրաժեշտության դեպքում կատարելու է փոփոխություններ եւ հաստատելու է վերջնական տարբերակը: Հայտարարագիրը պետք է հաստատվի մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 20-ը»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ ներդրվում է նաեւ խթանող միջոցներ՝ սոցիալական կրեդիտների  միջոցով, որի  շրջանակներում հայտարարագիր ներկայացնող անձինք հնարավորություն են ստանալու իրենց  վճարած եկամտային հարկից հետ ստանալ հարկային  տարվա ընթացքում իրենց կամ իրենց ընտանիքի որոշ անդամների համար կատարված եւ հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված առողջապահության, կրթության եւ բնակարանային ապահովությանը  վերաբերող ծախսերին համարժեք որոշակի գումարներ. «Փոխհատուցման շրջանակն ու չափերը կսահմնվեն կառավարության որոշմամբ»:

Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ առաջին տարվա համար հայտարարատու պետք է համարվեն այն քաղաքացիները, որոնք զբաղեցնում են համայնքային կամ հանրային պաշտոններ, նաեւ այն քաղաքացիները, որոնք բաժնետեր են մի կազմակերպությունում, որի շրջանառությունը 2022-ի արդյունքներով գերազանցել են 1 մլրդ դրամը, նաեւ այն քաղաքացիները, որոնք 2023-ին ստացած կլինեն 20 մլն դրամ եւ ավելի փոխառություններ ու վարկեր: Հաջորդը այն քաղաքացիներն են, որոնք 2023-ի դրությամբ հանդիսանում են մեր հիփոթեքային վարկի սպասարկման գծով եկամտային հարկի փոխատուցումներ ստացող քաղաքացիներ, եւ վերջին խումբը արտերկրից եկամուտներ ստացողներն են:

Նախարարի խոսքով, երկրորդ փուլի մեջ (որոնք պետք է հայտարարագիր ներկայացնեն 2024-ի համար) մտնում են այն քաղաքացիները, որոնք առաջին խմբի մեջ չեն, բայց հանդիսանում են վարձու աշխատողներ մասնավոր հատվածում, կամ պայմանագրերով իրենց կտարած աշխատանքի դիմաց ստացել են եկամուտներ:

2025 թվականի համար հայտարարագիր ներկայացնող երրորդ խմբում ընդգրկված են բոլոր այն քաղաքացիները, որոնք առաջին երկու խմբերում չեն:

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ հայտարարագիր չներկայացնելու դեպքում նախատեսվում է պատասխանատվություն. «Մենք նախատեսել ենք, որ 20-300 հազար դրամ պետք է լինի տուգանքը: ԱԺ-ում էլ կքննարկենք, եթե գտնենք, որ ավելի նպատակահարմար է, որ առաջին տարիներին ավելի մեղմ պատասխանատվության միջոցներից սկսել, կարող ենք փոփոխել»,-ասաց նա:

Նշենք, որ նախագիծը համարվեց անհետաձգելի եւ ԱԺ-ում կքննարկվի արագացված ընթացակարգով:

  • Կիսվել: