Հայաստանը պլանավորում է երկրորդ արբանյակն ուղարկել տիեզերք
Բաց թողնված առաջին հայկական արբանյակից բացի Հայաստանը մտածում է նաև երկրորդ արբանյակ բաց թողնելու մասին, որը կարող է լինել հայկական արտադրության: Այս մասին նոյեմբերի 18-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը՝ անդրադառնալով երկրում արբանյակաշինության զարգացման վերաբերյալ հարցին:
Նախարար Ռոբերտ Խաչատրյանն էլ նշեց, որ Հայաստանում SATLANTIS ընկերության գրանցումն արդեն նախանշած քայլերից մեկն էր արբանյակաշինության զարգացման ուղղությամբ:
Միևնույն ժամանակ փոխնախարարը վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետության տիեզերական ծրագրերը կրում են բացառապես խաղաղ բնույթ, և արբանյակից ստացված տվյալներն օգտագործվում են բացառապես խաղաղ նպատակներով, այդ թվում՝ անվտանգային նպատակներով մոնիթորինգ իրականացնելու համար:
Ասուլիսի շրջանակում ներկայացվեցին նաև երկրագնդի տարբեր կետերից արված լուսանկարներ, օրինակ՝ Հայաստանի արևելյան սահմանագծին մոտ գտնվող պատկեր, որն արվել է սեպտեմբերի 14-ին: