Հայաստանը ներկայացրել է իր ջրային և կլիմայական մարտահրավերները Բլեդի համաժողովում
Սլովենիայի Բլեդ քաղաքում անցկացվել է բարձր մակարդակի համաժողով՝ «Ջրի մոխրագույն գոտին» խորագրով, նվիրված ջրային անվտանգության գլոբալ մարտահրավերներին։ Միջոցառմանը մասնակցել են Սլովենիայի փոխվարչապետ և արտաքին ու եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնը, Բլեդի քաղաքապետ Անտոն Մեժանը, Ջրային համաշխարհային ֆորումի համահիմնադիր Մարկո Գայիչը, ինչպես նաև տարբեր երկրների ներկայացուցիչներ և բնապահպանական ոլորտի փորձագետներ։
Հայաստանը համաժողովում ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, ով հանդես է եկել ելույթով ՀՀ կառավարության անունից։ Նա շնորհակալություն է հայտնել Սլովենիային ջերմ ընդունելության և համաժողովի բարձր մակարդակի կազմակերպման համար՝ ընդգծելով նման հարթակների կարևորությունը ջրային ռեսուրսների կայուն կառավարման նորարարական լուծումներ գտնելու հարցում։
Արա Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի խոցելիությունը կլիմայական փոփոխությունների նկատմամբ՝ պայմանավորված լեռնային ռելիեֆով, կիսաանապատային կլիմայով և սահմանափակ ջրային պաշարներով։ Ըստ նրա՝ երկրում ջրի սպառման մակարդակը բարձր է, մինչդեռ տեղումները նվազում են, իսկ գոլորշիացման տեմպերն՝ աճում։
Նախարարի տեղակալը նշել է ՀՀ կառավարության վերջին տարիներին իրականացրած հիմնական քայլերը.
2019 թ. ընդունված ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը և ծրագիրը,
2022 թ. բարեփոխված Ջրային օրենսգիրքը, որը ներառում է կլիմայական գործոնը և պարտադիր պահանջներ է սահմանում ջրային կառավարման ոլորտում,
«2022–2026 թթ. ջրային ոլորտում կլիմայի փոփոխությանը հարմարվելու ծրագիրը»՝ ուղղված սոցիալ-տնտեսական ազդեցությունների մեղմացմանը։
Իր ելույթը եզրափակելով՝ Արա Մկրտչյանը վերահաստատել է Հայաստանի Հանուապետության պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ ի նպաստ կլիմայի կայունության և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման։