երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
Հայաստանը մտադիր է 100 միլիոն եվրոյի վարկ ներգրավել Զարգացման ֆրանսիական գործակալությունից

Հայաստանը մտադիր է 100 միլիոն եվրոյի վարկ ներգրավել Զարգացման ֆրանսիական գործակալությունից

Հայաստանը մտադիր է 100 միլիոն եվրոյի վարկ ներգրավել Զարգացման ֆրանսիական գործակալությունից։ Այս մասին հունիսի 15-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև չհաստատված վարկային գծի տրամադրման վերաբերյալ «Cam 1029» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցի քննարկման ժամանակ հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Նվարդ Վարդանյանը

Վարկային միջոցներն ուղղվելու են ջրային և գյուղատնտեսության ոլորտների զարգացման համալիր ծրագրի իրականացմանը։ «Հայաստանում ջրային և ոռոգման ենթակառուցվածքների զգալի վատթարացումը, կորուստների մեծ ծավալները, ինչպես նաև կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ռիսկերի աճը լուրջ մարտահրավեր են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և կայուն գյուղատնտեսության ապահովման ճանապարհին։ Այս ծրագիրն իր երկու հիմնական ուղղություններով առաջարկում է խնդիրների համապարփակ ու փուլային լուծում»,- նշել է Վարդանյանը։

Մասնավորապես, նա մատնանշել է ազգային մակարդակի ջրային ենթակառուցվածքներում ներդրումների բաղադրիչը, որը համաֆինանսավորվելու է Համաշխարհային բանկի «Ջրամատակարարման և ոռոգման բարելավում» (WISE) ծրագրի կողմից։

Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ֆինանսավորումը տրամադրվելու է մինչև 100 միլիոն եվրո ընդհանուր ծավալով բազմատրանշ վարկային գծով և բաղկացած է լինելու երեք փուլից. 30 միլիոն եվրո՝ Սյունիքի մարզի ծրագրի ֆինանսավորման համար, մինչև 30 միլիոն եվրո՝ «Ջրամատակարարման և ոռոգման բարելավում» (WISE) ծրագրի առաջին փուլի (տրանշի) համար, և մինչև 40 միլիոն եվրո՝ նույն ծրագրի երկրորդ փուլի համար։

Այսպիսով, Համաշխարհային բանկը հանդես կգա որպես ծրագրի համաֆինանսավորող կողմ։ Բացի այդ, Եվրամիությունը նախատեսում է 12,456 միլիոն եվրոյի դրամաշնորհ տրամադրել՝ տեխնիկական աջակցության նպատակով։ Համաձայնագիրն ուժի մեջ է լինելու երեք տարի՝ սկսած վավերացման պահից։ Ընդ որում, վարկառուն և վարկատուն կարող են ցանկացած պահի (մինչև ժամկետի լրանալը) խզել պայմանագիրն առանց որևէ փոխհատուցման, բացառությամբ այն վճարների, որոնք հաշվարկվելու են չմարված վարկերի գծով։

Կարճ քննարկումից հետո խորհրդարանական մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել այս օրենսդրական նախաձեռնությանը։

  • Կիսվել: