շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակից չունի. Հակոբ Արշակյան

Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակից չունի. Հակոբ Արշակյան

Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակից չունի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

Նա նշեց, որ այս ոլորտում  նախորդ տարի 60 տոկոսից ավելի աճ է արձանագրվել, աշխատակիցների քանակը գերազանցում է 43 հազարը, իսկ ՀՆԱ-ում կշիռը 5,1 տոկոսը գերազանցում է:

Արշակյանը հիշեցրեց, որ այս տարի շուրջ 12 մլրդ դրամի աջակցություն է տրվել արտահանող այն ընկերություններին, որոնք դոլարի փոխարժեքի պատճառով տուժել են իրենց կնքած պայմանագրերի մեջ եւ այն ընկերություններին, որոնք նոր են մտել շուկա եւ աշխատակիցների եկամտահարկի մասով աջակցություն է տրվել:

«Երկմտանքի տեղիք չի տալիս այն փաստը, որ Հայաստանը մրցակցային առավելության տեսանկյունից  բարձր տեխնոլոգիաների ոլորտում ուղղակի մրցակից չունի: Այսինքն` Հայաստանն այլ երկրների հետ մրցակցելու, արդյունաբերությունը զարգացնելու տեսանկյունից մրցակցային բոլոր պարամետրերով առաջին տեղում է։ Դա ցույց  է տալիս նաև ոլորտի շարունակական աճը», - ասաց Արշակյանը:

Միաժամանակ նա թվարկեց այս ոլորտում իրականացվող որոշ ծրագրեր, որտեղ բացասական դինամիկա է արձանագրվել. «Ես ուզում եմ հույս ունենալ, որ այս բյուջետային քննարկման ընթացքում կունենանք առաջարկներ, որ վերականգնենք այն ծրագրերը, որոնք դուրս են եկել եւ այն ծրագրերի բյուջեները, որոնք կրճատվել են, այլապես  կստացվի, որ խոսում ենք Հայաստանի բարձր տեխնոլոգիական ապագայի  մասին՝ առանց  ներդրում անելու այդ ապագայի մեջ կոնկրետ այս ծրագրերով»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:

  • Կիսվել: