երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայաստանում օրական գրանցվում է մոտ 40 միլիոն դոլարի կորուստ. Մելքումյան

Հայաստանում օրական գրանցվում է մոտ 40 միլիոն դոլարի կորուստ. Մելքումյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեռևս 2019 թվականի փետրվարին դեմ է քվեարկել կառավարության հնգամյա ծրագրին, և այն մտահոգություններն ու փաստարկները, որ ԲՀԿ-ն բերել էր ծրագրում ներառված ցուցանիշների և դրույթների առնչությամբ, ցավոք սրտի, իրականացել են։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց նույն խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Որքան էլ խոսվում էր, որ թռիչքաձև զարգացում կա և այլն, Կառավարության անցած մեկ տարվա ճանապարհը ցույց տվեց, որ լրջագույն մտահոգություններ կան: Առաջինն այն է, որ մենք այդպես էլ չիմացանք՝ որքան նոր աշխատատեղեր են ստեղծվել, կամ աշխատողների որ մասն է դուրս եկել ստվերից»,- նշեց պատգամավորը։

Նա նաև ասաց, որ օտարերկրյա ներդրումները նվազել են երկու անգամ, այդ մասին են վկարում Վիճակագրական կոմիտեի տվյալները:

«Սա լավ բանի մասին չի խոսում, մենք բազմիցս ասել ենք, թե ոնց ենք պատկերացնում Հայաստանում տնտեսական զարգացումը։ Այս փուլում, երբ ունենք համավարակով պայմանավորված դժվար իրավիճակ, մեր երկրի դիմադրողականությունն ավելի բարձր կլիներ, եթե ունենայինք օտարերկրյա ներդրումներ»,- ընդգծեց Միքայել Մելքումյանը։

Նա նաև հայտնեց, որ Հայաստանում օրական գրանցվում է մոտ 40 միլիոն դոլարի կորուստ, բայց ներարկվել է 80 միլիարդ դրամ՝ շուրջ 3 մլն դոլար։  «Թե ոնց ենք այս տարբերությունը վերականգնելու, դա շատ բարդ խնդիր է», - հավելեց պատգամավորը:

  • Կիսվել: