երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանում միկրոբիզնեսների շուրջ 2000 աշխատատեղ «կորել է». ՊԵԿ-ը վարչարարություն է սկսել

Հայաստանում միկրոբիզնեսների շուրջ 2000 աշխատատեղ «կորել է». ՊԵԿ-ը վարչարարություն է սկսել

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն նկատել է, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ կանոնների փոփոխությունից հետո օգոստոս ամսին միկրոձեռնարկատիրության դաշտում գործող բիզնեսներում շուրջ 2000 աշխատատեղ «կորել է»:

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց միկրոբիզնեսի դաշտում նկատվող բացասական երևույթներից՝ նշելով, որ խոշոր ընկերությունները հաճախ փոքր բիզնես են բացում, այնտեղից ապրանք գնում ու այսպիսով նվազեցնում հարկման բազան:

Բադասյանն ասաց, որ չեն վերացել պատգամավորի մատնանշած չարաշահումների դեպքերը:

«Քանի դեռ մենք ունենք հատուկ համակարգեր (խմբ.-հարկման հատուկ համակարգ), միշտ ունենալու ենք չարաշահման դեպքեր: Բայց ֆինանսների նախարարության օրենսդրական փոփոխության արդյունքում հուլիսի 1-ից միկրոյի դաշտում արդեն պետք է եկամտային հարկի դրույքաչափն ընդհանուր լիներ: Եվ հուլիս ամսվա արդյունքներով օգոստոսին նկատեցինք, որ միկրոյում շուրջ 2000 աշխատատեղ «կորել է»: Այսինքն՝ ոչ թե 2000 աշխատող սկսել են ընդհանուր դրույքաչափով գործել և հարկերը վճարել, այլ ուղղակի աշխատանքից ազատել են, կամ ցույց են տալիս, որ ազատել են»,-ասաց Բադասյանը:

ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ անմիջապես վարչարարություն են սկսել՝ այդ 2000 աշխատատեղը հայտնաբերելու համար: Իսկ գլոբալ առումով, ըստ նրա, քանի դեռ միկրոհամակարգը կա, այդտեղ չարաշահումներ լինելու են:

  • Կիսվել: