ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանում կարագի գինը կորոնավիրուսի օրերին նվազել է. ՏՄՊՀՀ նախագահ

Հայաստանում կարագի գինը կորոնավիրուսի օրերին նվազել է. ՏՄՊՀՀ նախագահ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանում ամենամեծ ծավալով սպառում ունեցող կարագի գինը կորոնավիրուսի համավարակի օրերին նվազել է:

Նշենք, որ այսօր «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ կասկածի տակ է դնում կարագի գնանկման մասով Գեղամ Գևորգյանի հայտարարությունը:

«Ես չգիտեմ, թե Ձեր ասածը կարագի որ բրենդին է վերաբերվում, բայց ես գնում եմ «Պրեզիդենտ» կարագ: 4700 դրամից այն դարձավ 5300 դրամ, 1 կգ-ն այս պահին 6000 դրամ է: Եթե Ձեզ համար սա գնանկում է, ինձ համար լուրջ աճ է»,-ասել է պատգամավորը:

ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ համեմատել են ՀՀ-ում ամենաշատ սպառվող «Նոր զելանդական» կարագը: «Նույնիսկ համավարակի պարագայում պարենային շատ կարևոր նշանակություն ունեցող այս ապրանքի գինը իջել է: 3680 դրամով 1 կգ նոր զելանդական կարագը Հայաստանում ամենամեծ ծավալով է սպառվում»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է «Պրեզիդենտ» տեսակի կարագին՝ նա նշեց, որ այն սպառվում է ընդամենը 4 տոկոս և հանդիսանում է հանրապետությունում ամենաթանկ կարագը կամ գոնե ինքը դրանից թանկ կարագ չգիտի:

Ըստ Գեղամ Գևորգյանի, իհարկե կա գնի բարձրացում, բայց ոչ 6000 դրամի չափով: «Որոշ սուպերմարկետներում կարող է այդ գինը լինել, բայց չենք կարող դրանով առաջնորդվել: Գինը մանրածախ շուկայում կազմում է 5860 դրամ՝ կիլոգրամի համար: Բայց մենք ներկայացնում ենք Հայաստանում 70 տոկոսից ավելի սպառում ունեցող կարագը, և ոչ թե 4 տոկոս սպառում ունեցող կարագը»,-նշեց ՏՄՊՊՀ նախագահը։

Նա նաև ասաց որ Հայաստանում 46 տոկոսից ավելի շատ կարագ է արտադրվել, քան նախկին տարիներին։ 

Գեղամ Գևորգյանն անդրադարձավ Ն.Զոհրաբյանի մեկ այլ հայտարարությանը, թե դիամկների վաճառքից տնտեսվարողները գերշահույթ են ստանում։

«Այսօր հարյուրապատիկ գերշահույթ ստացող ընկերություն չկա, իսկ եթե կա, խնդրում եմ հնչեցրեք այդ ընկերությունների անունները. տվեք այդ տնտեսվարողի անունը, որովհետև հարյուրապատիկ շահույթ ստանալու համար դիմակը պետք է մի քանի հազար դրամ արժենա: Մենք ինքներս ասում ենք, որ կա երևույթ, որի համար վարույթներ ենք հարուցել»,- ասաց Գեղամ Գևորգյանը։

 

  • Կիսվել: