ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանում այս պահին պարենային դեֆիցիտ կամ դրա սպառնալիք չկա. Խոջոյան (տեսանյութ)

Հայաստանում այս պահին պարենային դեֆիցիտ կամ դրա սպառնալիք չկա. Խոջոյան (տեսանյութ)

Հայաստանում այս պահին պարենային դեֆիցիտ կամ դրա սպառնալիք չկա: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

Նա հայտնել է, որ ողջ աշխարհում հացահատիկի արտադրությունը շուրջ 720-760 մլն տոննա է, որի մոտ 14-15 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին և Ուկրաինային։

Ընդգծելով, որ խոսքը ցորենի մասին է՝ փոխնախարարն ասել է. ՛՛ՌԴ-ում արտադրվում է 76-80 մլն տոննա, իսկ Ուկրաինայում՝ 30 մլն տոննա։ ՌԴ-ն, արտադրելով շուրջ 80 մլն տոննա, շուրջ 25-30 մլն տոննա արտահանում է։ Հայաստանում արտադրվում է շուրջ 100 000 տոննա, նախորդ տարի՝ 97 000 կազմել է տոննա։ Մեր պահանջարկը 360 000-380 000 տոննա է։ Նախորդ տարի ներկրման ծավալը կազմել է 275 000 տոննա՛՛:

Խոջոյանը հավելել է, որ Հայաստանը գրեթե ամբողջությամբ ցորենը ներմուծում է ՌԴ–ից։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանն այժմ կարողանում է ՌԴ-ից հացահատիկ ներկրել, հաշվի առնելով այն, որ ՌԴ-ն մարտի 15-ից մինչև օգոստոսի 31-ը սահմանափակել է ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանումը՝ Արման Խոջոյանը նշել է, որ ՌԴ գործընկերները իրենց հետ քննարկումների ժամանակ վստահեցրել են, որ այդ որոշման միակ նպատակն այն է, որ կանխվի ՌԴ-ից հացահատիկի վերաարտահանումը երրորդ երկիր։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Բնականաբար այն չափաքանակը, այն պահանջարկը, որ Հայաստանն ունի, իհարկե, անկասկած այդ պահանջարկը պետք է լրացվի։ Մենք ՌԴ-ի հետ կունենանք համաձայնագիր մեր պահանջարկի մասով՝ այդ մասով ներկրումն իրականացնելու համար։ ՌԴ-ն զուտ ցանկանում է, որ սպեկուլյատիվ բնույթի գործողություններ չարվեն՛՛:

  • Կիսվել: