շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանում առաջին անգամ կիրականացվի աէրոմագնիսական հետազոտություն

Հայաստանում առաջին անգամ կիրականացվի աէրոմագնիսական հետազոտություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՌԳԱ ակադեմիկոս Ալեքսանդր Գլիկոյին: Հանդիպմանը մասնակցել են ՌԳԱ երկրաֆիզիկական կենտրոնի աշխատակիցները՝ գիտական ղեկավար, ՌԳԱ  ակադեմիկոս Ալեքսեյ Գվիշիանին, տնօրեն, ՌԳԱ թղթակից անդամ Անատոլի Սոլովյովը, գիտության գծով փոխտնօրեն Բորիս Դզեբոևը:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են ՌԳԱ Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ինստիտուտների և ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի համագործակցության հարցերը: Դրանք վերաբերում են ՌԳԱ և ՀՀ ԳԱԱ միջև ստորագրված գիտատեխնիկական համագործակցության ճանապարհային քարտեզում նշված ծրագրերի իրականացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրիլին Հայաստանում իրականացնել «Գյուլագարակ» Երկրի մագնիսական դիտարանի տարածքի բարձր ճշգրտության աերոմագնիսական հանույթ: 

«Նման աշխատանք Հայաստանում կիրականացվի առաջին անգամ: Ռուսական կողմը կբերի երկու անօդաչու թռչող սարք, որոնք իրականացնելու են աերոմագնիսական հանույթ ամբողջ դիտարանի տարածքում: Այդ աշխատանքը մեզ հնարավորություն կտա պարզելու լեռնային ապարների մագնիսական հատկությունները, կառուցելու եռաչափ թվային մոդելը,  ինչպես նաև լիարժեք պատկերացնելու դիտարանի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու խնդիրը: Սա թույլ կտա, որ աստղադիտարանն ընդգրկվի «INTERMAGNET» ցանց՝ ինստիտուտների համաշխարհային կոնսորցիում, որոնք մագնիսաչափերով  գրանցում են Երկրի իրական ժամանակում փոփոխվող մագնիսական դաշտը՝ ըստ երկրամագնիսական դաշտի գրանցումների մեթոդաբանության առումով միջազգային հստակ չափորոշիչներին բավարարող ստանդարտների», - նշել է Ջոն Կարապետյանը:
 
Նա տեղեկացրել է, որ նման հետազոտությունը կխթանի Երկրի մագնիսական դաշտի ուսումնասիրության ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացմանը:
«Գյուլագարակ» մագնիսական դիտարանը ստեղծվել է 2019 թվականին՝ ՀՀ ԳԱԱ-ի և ՌԳԱ-ի կողմից:  Հայկական կողմն իրականացրել է շինարարությունը՝ բացառելով երկաթային բաղադրիչը, իսկ ռուսական կողմը տրամադրել է թանկարժեք սարքավորումները: «Մագնիսական դաշտի վրա խոտորիչ ազդեցությունը բացառելու համար դիտարանը կառուցվել է ապակեպլաստիկ կոմպոզիտային նյութերից, ինչն ԱՊՀ տարածքում իրականացվել է առաջին անգամ», - նշեց Ջոն Կարապետյանը:

  • Կիսվել: