հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
Հայաստանում ահռելի ստվեր կա, և դրա դեմ պայքարի արդյունքները բավարար չեն. վարչապետ

Հայաստանում ահռելի ստվեր կա, և դրա դեմ պայքարի արդյունքները բավարար չեն. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում հայտարարեց, որ, չնայած հարկային մուտքերի և աշխատատեղերի աճին, Հայաստանում ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունքներից բավարարված չէ։

 Փաշինյանի խոսքով՝ 2026 թվականի օգոստոսին հաշվառվել է եկամուտ ստացող 830 հազար 417 աշխատատեղ՝ 307 հազար 130-ով ավելի, քան 2017 թվականի օգոստոսին։

Փաշինյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է հենց օգոստոսին, մինչդեռ նախորդ տարիներին տարվա այլ ամիսներին ավելի բարձր թվեր են եղել։ ՊԵԿ-ի հրապարակմամբ՝ այս տարվա օգոստոսի ցուցանիշը 37 հազար 320-ով կամ 4,7 տոկոսով է գերազանցել 2025 թվականի նույն ամսվա ցուցանիշը։

Փաշինյանի ներկայացմամբ՝ 2017 թվականի օգոստոսի համեմատ աշխատավարձերի ընդհանուր ֆոնդն ավելացել է 186 մլրդ դրամով կամ 208 տոկոսով, իսկ միջին աշխատավարձը՝ 161 հազար դրամով կամ 94 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում վճարված եկամտային հարկի գումարը, ըստ վարչապետի, աճել է 32 մլրդ դրամով կամ 144 տոկոսով։ Նա շեշտել է, որ այդ աճը գրանցվել է այն պայմաններում, երբ 2017 թվականին եկամտային հարկի դրույքաչափերն ավելի բարձր էին, իսկ ներկայում գործում է համահարթ դրույքաչափ։

Անդրադառնալով բյուջեի մուտքերին՝ վարչապետը հայտնել է, որ 2026 թվականի 9 ամսում հավաքագրվել է 2 տրլն 308 մլրդ դրամ հարկային եկամուտ։ Նրա խոսքով՝ դա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14,7 տոկոսով ավելի է և 126 մլրդ դրամով գերազանցում է բյուջեով ի սկզբանե նախատեսված իննամսյա ցուցանիշը։

«Սա լավ ցուցանիշ է»,— ասել է Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով հարկ վճարող քաղաքացիներին և այդ արդյունքի ապահովման մեջ ներգրավված պետական ծառայողներին։

Միաժամանակ վարչապետը դիմել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին՝ ընդգծելով, որ հավաքագրումների աճը բավարար հիմք չէ ստվերի դեմ պայքարի արդյունքներով գոհանալու համար։

«Մենք ստվեր ունենք ահռելի։ Ես բավարարված չեմ ստվերի դեմ մեր պայքարի տեմպերով, ծավալներով, մեթոդներով և արդյունավետությամբ»,- հայտարարել է նա։

Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը շարունակում է քննարկել և ձեռնարկել ստվերը կրճատելու միջոցներ։ Նա հայտնել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է ընդլայնել դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը՝ դա ներկայացնելով որպես պայքարն ավելի արդյունավետ դարձնելու քայլ։

Վարչապետը հարկային մուտքերի աճը կապել է նաև տնտեսական ակտիվության հետ։ Նրա ներկայացմամբ՝ 2026 թվականի օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5,2 տոկոս։ Փաշինյանն առանձնացրել է շինարարության աճն ու անշարժ գույքի շուկայում ակտիվությունը։

 

  • Կիսվել: