շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Հայաստանն ունի կովկասյան տարածաշրջանի Շվեյցարիա դառնալու պոտենցիալ. բրազիլացի պրոֆեսոր

Հայաստանն ունի կովկասյան տարածաշրջանի Շվեյցարիա դառնալու պոտենցիալ. բրազիլացի պրոֆեսոր

Հայաստանը հետաքրքրում է ԲՐԻԿՍ երկրներին որպես պոտենցիալ հաբ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, Երեւանում ընթացած «Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ ԲՐԻԿՍ-ի եւ ՇՀԿ-ի համագործակցության նոր հորիզոններ» համաժողովի շրջանակում հայտնել է բրազիլացի պրոֆեսոր, ԲՐԻԿՍ Կենտրոնի նախագահ Վինսենտե Բարիենտոսը։

Նա նշել է, որ եթե Հայաստանը եւ հարեւան երկրները կարգավորեն իրենց արտաքին քաղաքական տարաձայնությունները բոլոր կողմերի համար ընդունելի լուծումների հիման վրա, ապա այն կարող էր դառնալ տրանսպորտային-լոգիստիկ հաբ այդ երկրների միջեւ եւ վերածվել լոգիստիկ միջանցքի ապրանքների, ծառայությունների եւ ողջ արդյունաբերության համար, որը կապված է դրա հետ։

«Դրա համար պահանջվում է ստեղծել նոր ենթակառուցվածք ճանապարհածածկի, երկաթուղու, ավիագծերի եւ, գուցե, ծովային նավագնացության տեսքով։ Դա կարեւոր է Հայաստանի համար տնտեսության զարգացման տեսակետից։ Մեկ այլ ուղղություն է նոր հնարավորությունների ստեղծումը բանկային եւ ֆինանսական ոլորտում, ինչը կարող է Հայաստանը վերածել կովկասյան տարածաշրջանի Շվեյցարիայի»,- նշել է Բարիենտոսը։

Նա կարծում է, որ  այս բոլոր ռեֆորմները կօգնեն խթանել այլ ուղղությունների զարգացումը, այդ թվում տուրիզմի։

«Խոսքը բազային կառույցների լուրջ վերակառուցման մասին է, այդ թվում նորմատիվ հիմքերի, որպեսզի դյուրինացվի բանկային եւ ֆինանսական կառույցների ստեղծումը եւ աշխատանքը՝ ուշադիր լինելով, որպեսզի այդ սոուսի ներքո առաջ չգա նոր խաղացողների ալիք, որոնք կկարողանային չարաշահել դա»,- ընդգծել է պրոֆեսորը։

Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանն ունի ակնհայտ մրցակցային առավելություններ այլ երկրների համեմատ, որոնք ներկայացրել կամ պատրաստվում են ներկայացնել ԲՐԻԿՍ-ին անդամակցության հայտ։

«Խոսքն այն մասին է, որ Հայաստանը լուրջ հարեւան ունի, որը նույնպես ԵԱՏՄ անդամ է (Ռուսաստանը- խմբ.)։ ԵԱՏՄ շրջանակում մշակվել են բազմաթիվ ենթակառուցվածքային նախագծեր արդյունաբերության, տուրիզմի, գյուղատնտեսության եւ այլ ուղղությունների վերաբերյալ։ Ուստի Հայաստանն արդեն տնտեսական զարգացման պատրաստի պլաններ ունի։ ԲՐԻԿՍ-ին անդամակցությունը կարող է ֆինանսավորման լրացուցիչ գործիքներ ստեղծել խոշոր նախագծերի իրականացման համար»,- ընդգծել է Բարիենտոսը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանն այնքան էլ չի լուծել ինքնանույնականացման գործընթացը։

«Մինչեւ խորհրդային իշխանությունը եղել է մի Հայաստան, խորհրդային իշխանության օրոք՝ մեկ այլ՝ երկրորդը, իսկ երրորդը դեռ իրեն չի գտել։ Նա չգիտի՝ պատկանում է Արեւմուտքին, Հյուսիսին, թե՞ Հարավին, եւ չգիտի, թե ում հետ լինի։

Երբ գտնվեն այս հարցերի պատասխանները, այդ ժամանակ էլ տեղի կունենա ինքնանույնականացումը եւ հասկանալի կդառնա՝ ում հետ բարեկամություն անել եւ ինչի համար»,- ասել է նա։

  • Կիսվել: