ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են նվազեցնել մուտքի տուրքերն ավտոմեքենաների համար

Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են նվազեցնել մուտքի տուրքերն ավտոմեքենաների համար

Հայաստանն ու Իրանը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ավտոմեքենաների մուտքի մաքսատուրքերի նվազեցման վերաբերյալ: 

Այս մասին Երևանում կայացած հայ-իրանական գործարար համաժողովի ընթացքում լրագրողներին հայտնել է ԻԻՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Վարդան Կոստանդյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ հայկական պետական համարանիշներով մեքենաներն այս տարվա մայիսի 21-ից սկսած` Իրան մուտք գործելու համար կվճարեն 120 դոլար:

«Տուրքերը հիմա էլ են գանձվում։ Իմ տեղեկություններով ՝ հայկական մեքենաները վճարում են մոտ 240 դոլար, իրանական ավտոմեքենաները նույնպես վճարում են Հայաստանի սահմանը հատելիս։ Այժմ մենք ակտիվ բանակցություններ ենք վարում իրանական կողմի հետ: Ամենայն հավանականությամբ` երկու կողմերի մուտքի վճարների չափերը զգալիորեն կնվազեն, նախնական պայմանավորվածություն արդեն կա»,-նշել է Կոստանյանը։

Ինչ վերաբերում է Իրանից Հայաստան գազի մատակարարումների ավելացման հնարավորությանը, ապա Կոստանյանը նշել է, որ ավելի վաղ մի շարք խնդիրների պատճառով մատակարարումները կրճատվել էին, այժմ դրանց ծավալը վերականգնվել է:

«Նաև լավ հնարավորություն է ստեղծվել ապագայում դրանք մեծացնելու համար»,-ասել է առևտրային կցորդը:

Հիշեցնենք, որ Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը քննարկում է Հայաստան գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը:

  • Կիսվել: