կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանն աշխատում է լուծել Google maps-ի, PayPal-ի և Youtube-ի հետ կապված խնդիրները

Հայաստանն աշխատում է լուծել Google maps-ի, PayPal-ի և Youtube-ի հետ կապված խնդիրները

Հայաստանը երեք ուղղություններով աշխատանքներ է տանում՝ ընդգրկվելու «YouTube»-ի գործընկերների ծրագրում (YouTube Partner Program)։ Այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Գոյություն ունի YouTube partner program («YouTube»-ի գործընկերների ծրագիր) , որը թույլ է տալիս, որ իր գործընկեր լինելով կարողանաս «YouTube»-ում դրվող բովանդակությունից գումար գեներացնել: Հայաստանը ընդգրկված չէ այն երկրների ցանկում, որոնք կարող են լինել YouTube partner program-ի մաս: Կարելի է գումարը գեներացնել, սակայն հնարավոր չէ հայկական բանկային քարտով հանել այն: Բլոգերները, այն ընկերությունները, որոնք ուզում են կոնտենտից գումար աշխատել, գնում և այլ երկրներում են գրանցում իրենց ընկերությունները»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Նա նաև հայտնեց, որ Youtube Partner Programm-ի բացակայության պատճառով YouTube-ը չի իդենտիֆիկացնում հայկական կոնտենտը։

«Երեք ճակատով աշխատում ենք: Դրանցից առաջինը պաշտոնական խողովակներն են, երկրորդը՝ «Google»-ում ու  «YouTube»-ում աշխատող հայերի խմբի հետ աշխատանքն է, երրորդ ուղղությամբ  սփյուռքահայերն են փորձում աջակցել»,- ընդգծեց նախարարը։

Հակոբ Արշակյանը հայտնեց, որ փորձում են նաև լուծել Google Maps-ում առկա խնդիրները՝ մասնավորապես՝ Հայաստանի և Արցախի քարտեզում առկա անճշտությունները։

 

  • Կիսվել: