ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտների վրա առաջարկի և պահանջարկի շոկն իր ազդեցությունն ունեցել է. Ջանջուղազյան

Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտների վրա առաջարկի և պահանջարկի շոկն իր ազդեցությունն ունեցել է. Ջանջուղազյան

Ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտների վրա առաջարկի և պահանջարկի շոկն իր ազդեցությունն ունեցել է։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց  ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով «ՀՀ  2020 թվականի պետական բյուջեում փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նրա խոսքով,  ՀՀ կառավարությունը համավարակի հետևանքները մեղմելու նպատակով պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ է նախաձեռնել, որպեսզի հնարավորություն ունենա հարկաբյուջետային քաղաքականությունը որպես գործիք լիարժեք ծառայեցնել համավարակի ազդեցության հետևանքների մեղմմանը և հետագայում նաև վերականգնմանը թե տնտեսական, թե ֆինանսական համակարգերի տեսանկյունից:

«Եթե համավարակի հետևանքով առաջացած շոկերին անդրադառնանք, ապա արտաքին շոկերն իրենց ազդեցությունն են ունեցել Հայաստանի տնտեսության վրա՝ հաշվի առնելով, որ ՀՀ տնտեսությունն իր բնույթով բաց ու փոքր է»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։

Ըստ նրա, եթե արտաքին խնդիրներին անդրադառնան, ապա ակնհայտ է, որ գործընկեր երկրներում և միություններում տնտեսական աճը դանդաղում է, և հրապարակումների համաձայն, համաշխարհային տնտեսության անկում է  կանխատեսվում։

Նրա խոսքով՝ Արժույթի միջազգային հիմնադրամի տեղեկատվության համաձայն՝ այն գնահատվում է շուրջ 3 տոկոս:. «Դա իր ազդեցությունն է ունենում ինչպես գործընկեր միություններում, այնպես էլ երկրներում, հետևաբար Հայաստանի տնտեսությունը չի կարող անհաղորդ մնալ»։

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ մետաղների համաշխարհային գների անկումը,նավթի համաշխարհային գների անկումը՝ հաշվի առնելով Հայստանի սերտ կապը ՌԴ տնտեսության հետ, ինչպես նաև ռուսական ռուբլու արժեզրկումը, չի կարող չդիտարկվել որպես արտաքին ցնցում։

Զբոսաշրջությունը, որը նշանակալի տեսակարար կշիռ ուներ Հայաստանի տնտեսության մեջ մինչև համավարակը, նույնպես կրճատվել է: Մյուս գործոնն, ըստ նրա, մասնավոր տրանսֆերտների ակնկալվող նվազումն է: «Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցություն կթողնեն արտահանման ծավալների կրճատումը, դրամական ներհոսքերի նվազումը, ծառայությունների ծավալի նվազումը, տուրիզմի ոլորտում անկումը»,- նշեց ֆինանսների նախարարը։

Ատոմ Ջանջուզաղյանը հայտնեց, որ արտակարգ դրության պայմաններում երկրի ներսում գործող սահմանափակումներն իրենց ազդեցությունն են ունեցել տնտեսության վրա, և ենթադրվում է, որ այդ բացասական ազդեցությունը կշարունակվի: Դրանք դիտարկվում են որպես առաջարկի շոկեր:

«Պահանջարկի շոկի առումով ուշադրության արժանի է անորոշության մեծ աստիճանը: Եվ դրանով պայմանավորված խնայողությունների աճը, ներդրումների ավելի համեստ առկայությունը կամ ըստ էության սպասվում է, որ դրանք կկրճատվեն, հնարավոր գործազրկության աճը, ցածր եկամուտները և սպառման հնարավոր կրճատումը, ըստ էության, մեր երկրի տնտեսության գործնականում բոլոր ոլորտների վրա այս առաջարկի և պահանջարկի շոկն իր ազդեցությունը թողնում է: Մոտավորապես մեր ներքին սահմանափակումների գնահատականը 2-2.4 տոկոսային կետ է, ՀՆԱ-ի իրական աճի կորստի չափով: Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով արտաքին և ներքին շոկերի ազդեցությունը, ներկայացված սցենարի հիմքում գնահատականն այն է, որ մենք կունենանք մոտ 2 տոկոս անկում»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։

Այդ նպատակով, ըստ նրա, առաջարկվում է 152 մլրդ դրամանոց փաթեթ հավանության արժանացնել, որտեղ 25-ական մլրդ դրամ ենթադրվում է, որ կօգտագործվեն տնտեսական խնդիրների մեղմման համար, մոտ 80 մլրդ դրամ ենթադրվում է, որ կօգտարգործվի տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման համար և 20 մլրդ դրամ՝ պահուստային միջոց:

«Այս սցենարի ներքո լրացուցիչ ֆինանսավորման կամ պարտք ներգրավելու կարիքը գնահատվում է մոտավորապես 260 մլրդ դրամ»,- ընդգծեց նա։

  • Կիսվել: