«Իրանը փորձում է դիվանագիտական ճանապարհով ազդեցություն գործել Ադրբեջանի վրա և չեզոքացնել «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը»․ Փույա Հոսսեյնի
Իրանը փորձում է իր ազդեցությունն օգտագործել՝ Իրանի տարածքով ապահովելու Ադրբեջան-Նախիջևան կապը, որպեսզի Ադրբեջանն այլևս առիթ չունենա բարձրացնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Այդ մասին «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի հիմնադիր Փույա Հոսսեյնին։
Իրանի նախագահը Բաքու կատարած այցին ընդառաջ ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային և տարածքային խնդիրները կարող են վերանալ միայն այն ժամանակ, երբ երկու երկրների քաղաքական և առևտրային հարաբերությունները կարգավորվեն՝ հաշվի առնելով երկու կողմերի իրավունքները։ «Այս խնդրի լուծմանն օժանդակելու համար մենք այժմ աշխատում ենք պատրաստել Իրանի ճանապարհը, որպեսզի Ադրբեջանի մեր սիրելի եղբայրներն ու քույրերը կարողանան Իրանի տարածքով հասնել Նախիջևան։ Այդ ուղղությամբ ճանապարհաշինական և երկաթուղային աշխատանքները ընթանում են արագ տեմպերով։ Մենք արդեն այդ հարցի շուրջ պայմանավորվել ենք, և, Աստծո կամքով, Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման հարցում որևէ խոչընդոտ չի առաջանա»,- ասել է նա։
Փույա Հոսսեյնին ասել է, որ Իրանը մտահոգված է տարածաշրջանում հնարավոր զարգացումներով։ «Հիմա մենք տեսնում ենք, որ Իրանի հետ բանակցություններ են տեղի ունենում։ Եթե Իրանի բանակցությունները ԱՄՆ հետ ձախողվեն, հնարավոր է ռազմական ճանապարհով փորձեն Իրանի հետ խնդիրները լուծել։ Իրանը մտահոգված է, որ Անդրկովկասում էլ երկրորդ ճակատ կստեղծեն, և Իրանի թույլ իրավիճակում Ադրբեջանն ու Թուրքիան կփորձեն «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրն իրականացնել։ Հետևաբար, Իրանը փորձում է դիվանագիտական ճանապարհով ազդեցություն գործել Ադրբեջանի վրա և չեզոքացնել հետագա խնդիրները»,- ասել է նա։
Հարցին, հնարավո՞ր է Բաքվի հետ հստակ պայմանավորվածություն ձեռք բերել, որ հրաժարվեն Հայաստանի տարածքների նկատմամբ նկրտումներից, Փույա Հոսսեյնին պատասխանել է․ «Մենք արդեն մի քանի տարի է՝ տեսնում ենք, որ Իրանն ամեն փորձ անում է, որ չեզոքացնի այդ ծրագիրը, նրանց նկրտումները Սյունիքում ու մասնավորապես «Զանգեզուրի միջանցքի» հարցով։ Մինչև հիմա Իրանը կարողացել է իր ազդեցությունը պահպանել։ Մենք տեսել ենք, որ Էրդողանը հարցազրույցներից մեկում ասել է, որ միայն Իրանի գործոնն է մինչև հիմա իրենց զսպել, որ չեն կարողացել «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրն իրականացնել։ Դա Էրդողանի կողմից խոստովանություն է, որ Իրանի գործոնն այնքան մեծ է, որ իրենք չեն կարողացել իրականացնել իրենց ծրագիրը»։
Ըստ Հուսեյնիի՝ վերջերս անցկացված Իրան-Հայաստան զորավարժությունը ևս ուղերձ է հակառակ կողմին, որ Իրանն իր «կարմիր գիծը» ամեն դեպքում կպահպանի։