երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Խախտումները, միեւնույն է, չեն նվազում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Խախտումները, միեւնույն է, չեն նվազում

Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․  «Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ մի շարք պետական եւ մասնավոր բժշկական կենտրոններում որոշ բուժծառայություններ լիզենզիաներից զրկվել են:  Բուժհաստատությունների ցանկն անցնում է  յոթ տասնյակից: Որոշ կազմակերպությունների բաժանմունքներ ժամանակավոր դադարեցրել են գործունեությունը՝ մինչեւ համապատասխան  բուժծառայություն մատուցելու  հատուկ նորմերի ապահովումը:

Այս խնդիրը շատ նուրբ մոտեցում է պահանջում՝ «ՀՀ»-ի հետ զրույցում  նկատեց «Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի» հիմնադիր, «Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիր Գեւորգ Գրիգորյանը:  Ինչու՞ նման վերահսկողական գործառույթների պարագայում անգամ  խախտումների թիվը բուժհաստատություններում  չի նվազում:

«Մի կողմից բուժառուներին բուժելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան լիցենզիա, իսկ մյուս կողմից, օրինակ, շատ մանկական մասնագիտությունների համար նախատեսված կրթական ծրագիր չկա և չի եղել, ուստի բժիշկները չէին կարող ստանալ նեղ մասնագիտացում Հայաստանի պայմաններում, իսկ արտասահմանյան վերապատրաստումները չափազանց թանկարժեք են նրանց համար»,- նկատեց Գեւորգ Գրիգորյանը՝ առաջարկելով մշակել եւ հասանելի դարձնել մասնագիտական ծրագրերը:

«Տարիներ շարունակ աշխատած բժիշկների մասնագիտական գործունեության կասեցումը չի հանգեցնում դրական արդյունքների: Ճիշտ կլիներ, որ նախ  և առաջ ստեղծվեին վերապատրաստման ծրագրեր և բոլոր այն բժիշկները, ովքեր չէին համապատասխանում պահանջներին, անցնեին այդ ծրագիրը: Փաստացի, այսօր երեխաները նույն կերպ հիվանդանում են, սակայն իրենց բուժող բժիշկները չեն կարողանում բուժօգնություն մատուցել նրանց»,- ասաց Գ. Գրիգորյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: