շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Կգործի գույքահարկի նոր համակարգ

«Հայաստանի Հանրապետություն»․ Կգործի գույքահարկի նոր համակարգ

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ներկայումս Հայաստանում անշարժ գույքի հարկման նպատակով որպես հարկման բազա հիմք են ընդունվում կադաստրային արժեքները: Սակայն դրանց հիման վրա հնարավոր չի լինում ապահովել անշարժ գույքի լիարժեք հարկումը, որի հիմնական պատճառը կադաստրային արժեքների խիստ թերագնահատված լինելն է: Խնդրի կարգավորման նպատակով ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ՀՀ  կառավարության կողմից ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

ՀՊՏՀ Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների գիտաուսումնական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այսպիսի օրենք ունենալու անհրաժեշտություն կար, սակայն ճիշտ չէր նման կարեւորագույն նախագիծը բերել արտահերթ ռեժիմով եւ հայտարարել, որ խնդիրը լուծված է։ «Գույքահարկի նոր համակարգը հաշվի չի առնում հարկվող սուբյեկտների եկամուտների չափը։ Միգուցե ստանդարտ իրավիճակում դա ընդունելի դրույթ լիներ, բայց չմոռանանք, որ համավարակի պայմաններում, երբ սոցիալ-տնտեսական իրավիճակը վատթարացել է եւ դեռ պարզ չէ, թե ինչ է լինելու առաջիկա ամիսներին, հարկավոր էր հաշվի առնել մարդկանց վճարունակության գործոնը»,- ընդգծեց Մարգարյանը։

Տնտեսագետն ուշադրություն հրավիրեց մեկ այլ կարեւոր հանգամանքի վրա եւս, այն է՝ ընդհանրապես գույքի կամ որեւէ ապրանքի գնագոյացման սուբյեկտը շուկան է, այսինքն՝ շուկայում է որոշվում, թե ինչպիսի գին ունի այս կամ այն գույքը, այնինչ այս պարագայում, երբ պետությունն ասում է, որ իրենք շուկայական գներով կգնահատեն եւ կհարկեն անշարժ գույքը, ապա հարց է առաջանում՝ արդյո՞ք պետությունը պետք է որոշի, թե ինչ արժե տվյալ բնակարանը։ «Այդ դեպքում չի ստացվում, որ շուկան է որոշում։ Այդ մեխանիզմները նույնպես պետք է քննարկման առարկա դառնան»,- ասաց նա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: