շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի և ՌԴ-ի միջև առևտրատնտեսական համագործակցությունը շարունակում է թափ առնել. փոխնախարար

Հայաստանի և ՌԴ-ի միջև առևտրատնտեսական համագործակցությունը շարունակում է թափ առնել. փոխնախարար

Երևանում փետրվարի 24-ին տեղի ունեցավ հայ-ռուսական գործարար համաժողով, որի անցկացման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2021 թ․ դեկտեմբերի 22-ին ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստի շրջանակներում։

Համաժողովին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, գործարարներ։

Փոխնախարար Նարեկ Տերյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը շարունակում է թափ առնել, նաև շնորհիվ Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցությանը։ «Այսպես, 2019 թվականին առաջին անգամ մեր երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 2 մլրդ ԱՄՆ դոլարը, իսկ 2021 թվականին ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 2,6 մլրդ ԱՄՆ դոլար»,- ասաց նա։

Փոխնախարարն իր խոսքում նաև ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է Ռուսաստանի Դաշնության ընկերությունների հետ արդյունաբերական համագործակցության ընդլայնումը, մասնավորապես՝ արտադրական կոոպերացիոն կապերի հաստատման ուղղությամբ։

«Անհրաժեշտ է ակտիվացնել արդյունաբերական կոոպերացիան և համատեղ կորպորացիաների և արտադրությունների զարգացումը, իրականացնել համատեղ նորարարական նախագծեր, որոնք թույլ կտան լինել առավել մրցունակ։ Անհրաժեշտ է նաև կառուցել կազմակերպչական-լոգիստիկ շղթաներ, ստեղծել արտահանմանն աջակցող կենտրոններ փոքր և միջին բիզնեսին օժանդակելու նպատակով», - հավելեց փոխնախարարը։

ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն իր խոսքում նշեց, որ Ռուսաստանի և Հայաստան միջև համագործակցությունը հասել է որակապես ավելի բարձր մակարդակի և արդյունավետ երկկողմ փոխգործակցություն է ծավալվել հատկապես էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ, ինչպես նաև ակտիվ համագործակցություն կա ռադիոէլեկտրոնիկայի, ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

  • Կիսվել: