չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՏՏ ոլորտում ՀՀ-ն պետք է դարձնել առավել գրավիչ, մրցունակ և կարգավորված․ Սուքիասյան

ՏՏ ոլորտում ՀՀ-ն պետք է դարձնել առավել գրավիչ, մրցունակ և կարգավորված․ Սուքիասյան

Նպատակը եղել է Հայաստանը դարձնել ավելի գրավիչ և մրցունակ հարթակ ստեղծել: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ ներկայացնելով տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունների պետական աջակցության նոր կառուցակարգին վերաբերող նախագիծը:

Սուքիասյանի խոսքով, թեմայի շրջանակում բազմակողմ քննարկումներ են եղել կառավարության ներկայացուցիչների հետ․ «Ամեն ինչ քննարկվել է, ամեն բաղադրիչ ուսումնասիրվել է, հանձնաժողոի առաջարկությունները և կառավարության առաջարկությունները խորքային քննարկման են ենթարկվել»։ 

Սուքիասյանն առանձնացրեց այն երեք սկզբունքները, որոնք ըստ հանձնաժողովի քննարկումների՝  գրավիչ, առավել մրցունակ և կարգավորված կդարձնեն  հայկական ՏՏ ոլորտը․ «Առաջինը՝ հարկային բեռի նվազեցումն է, որը  մեզ պետք է բերի առավել մրցունակ հարթակ, երկրորդը սոցիալական հարցերն են՝ դպրոցներ, մանկապարտեզներ, սպորտային համալիրներ»,- ըստ պատգամավորի սոցիալական հարցերի վրա կենտրոնանալը կարևոր է այն ՏՏ ընկերությունների համար, որոնք արտերկրից պետք է տեղափոխվեն Հայաստան և բացի տնտեսական գործունեությունից,  կարիք կլինի նաև  այդ ընկերությունների աշխատակիցներին տարբեր ենթակառուցվածքներում ինտեգրել․ «Կարծում եմ՝ գործադիր մարմինը և էկոնոմիկայի նախարարությունն այս մասով  մինչև տրամաբանական ավարտը շղթայված կգնան»,- ընդգծեց պատգամավորը։

Խաչատուր Սուքիասյանի դիտարկմամբ՝ մինչև այսօր գործող օրենքը և մինչև այսօր ունեցած տվյալները ցույց են տալիս, որ  այն կազմակերպությունները, որոնք  ՀՀ-ում չեն գրանցված կամ գրանցված են որպես մասնաճյուղ, մեր երկրում  վճարում են միայն եկամտահարկ,  ինտերնետ վճար, և վարձով տրվող տարածքների գումար։

Ըստ նրա՝ առավել հարմար պայմաններ պետք է ստեղծվեն ոչ միայն այս, այլ հենց հայկական ընկերությունների համար․ «Դրա համար հավակնություն ունեցող հայկական կազմակերպությունները պետք է մեր ուշադրության կենտրոնում լինեն, որպեսզի դրանք գնան դեպի բրենդի ստեղծման ինստիտուտի։ Հայտնի դառնալու դեպքում իրենց կողմից առաջարկվող ծառայությունը կամ համապատասխան ծրագիրն ամբողջ աշխարհում պիտի  հայտնի դառնա»,-Սուքիասյանի խոսքով՝ սա կնպաստի նաև շահութահարկի ավելացմանը։ 

 

  • Կիսվել: