հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հաշվեքննիչ պալատը հերքում է խոշոր պարգևավճարների վերաբերյալ տեղեկությունը

Հաշվեքննիչ պալատը հերքում է խոշոր պարգևավճարների վերաբերյալ տեղեկությունը

2019 թվականի դեկտեմբերի 5-ին armlur.am կայքում հրապարկվել է «Նոր բացահայտում Հաշվեքննիչ պալատում. կատարվել են խոշոր չափի պարգևատրումներ» վերնագրով հոդված, ինչի կապակցությամբ ՀՀ հաշվեքննիչ պալատը հայտնում է․
 
Նախևառաջ, Հաշվեքննիչ պալատի վարձատրության մակարդակի (առանց այն էլ ցածր) խնդիրը ամենացավոտն է, քանի որ որակյալ հաշվեքննողներին պահելու և նորերին հրավիրելու գործում առաջանում են լուրջ բարդություններ։
 
Հարկ է նշել, որ Հաշվեքննիչ պալատի բոլոր աշխատակիցներն (ներառյալ տեխնիկական գործառույթ իրականացնողները) իրենց կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա յուրաքանչյուր տարի պարգևատրվել և շարունակում են պարգևատրվել։
 
Ի դեպ, հրապարակված աղյուսակում բերված թվերն իրենց մեջ ներառում են հարկեր և պարտադիր այլ վճարներ նույնպես, այսինքն՝ այդ գումարները փաստացի ստացված գումարներ չեն։ Բերված աղյուսակում նշված են 2,5 տարվա ընթացքում Հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների համար հաշվարկված պարգևավճարների վերաբերյալ տվյալներ, և, եթե այդ գումարներից համապատասխանաբար հանենք հարկերն ու պարտադիր այլ վճարները, և, եթե ստացված գումարը բաժանենք 30 ամսվա վրա, ապա ստացված պատկերը կվկայի, որ Հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը մեկ ամսվա համար փաստացի որքան պարգևավճար է ստացել, ինչը մեր համոզմամբ անհնար է որակել, որպես «անհավանական պարգևավճարներ» կամ «առատաձեռն ղեկավարի կողմից տրված խոշոր գումարներ» եզրույթներով։
 
Դեռ ավելին, Հաշվեքննիչ պալատում չեն եղել և չեն կարող լինել «անհավանական բարձր պարգևավճարներ», ինչպես նշված է հրապարակման մեջ․ մասնավորապես, 2017 թվականի համար Հաշվեքննիչ պալատում որպես պարգևավճար փաստացի տրվել է 73.2 մլն դրամի չափով, 2018 թվականին՝ մոտ 184.1 մլն դրամի չափով և 2019 թվականին (նոյեմբեր ամիսը ներառյալ)՝ 101.4 մլն դրամի չափով։ 
 
Բացի այդ, Հաշվեքննիչ պալատը հերքում է, որ համակարգում գոյություն ունի «Հաշվեքննիչ պալատի նախագահի մերձավորներ և յուրայիններ» գործելակերպ և որ պարգևատրումները կատարվում են ըստ մերձավորների և յուրայինների։ Հաշվեքննիչ պալատում բոլոր պարգևատրումները կատարվում են սահմանված կարգով, բոլոր որոշումները սահմանված կարգով հրապարկվում են Հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում։
 
Հաշվեքննիչ պալատը հերքում է, որ աշխատակիցների մոտ կա պարգևատրումների վերաբերյալ դժգոհություններ, քանի որ առնվազն նման դեպք դեռևս չի արձանագրվել, բացառությամբ մեկ դեպքի, որի առնչությամբ ներկա փուլում ՀՀ վարչական դատարանում ընթանում են դատական գործեր:
 
Հաշվեքննիչ պալատը հայտնում է իր մտահոգությունն այն հարցի շուրջ, որ armlur.am կայքին հայտնի են դարձել անհատական տվյալներ պարունակող տեղեկատվություն (թեև լրատվամիջոցն այն չի հրապարակել)։ Այդ տեղեկատվությունը Հաշվեքննիչ պալատը պատրաստել և տրամադրել է միայն վերոգրյալ դատական գործերի շրջանակներում Վարչական դատարանին և հայցվորին (Հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից)։
 

  • Կիսվել: