կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Գագիկ Բարսեղյանի թեկնածությանը

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Գագիկ Բարսեղյանի թեկնածությանը

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 21-ի արտահերթ նիստում քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Գագիկ Բարսեղյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու անդրադարձել նրա մասնագիտական որակներին: Ըստ հանձնաժողովի նախագահի` Գագիկ Բարսեղյանի առաջադրման գործում մեծ դեր են խաղացել նրա աշխատանքային փորձն ու գիտելիքները:

2016 թվականից թեկնածուն զբաղեցնում է ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետի պաշտոնը: Նշվել է, որ նրա ղեկավարման տարիներին ԱԺ բյուջետային գրասենյակը ծավալել է նպատակադրված գործունեություն:

Գագիկ Բարսեղյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա կարեւոր է համարել Հաշվեքննիչ պալատի դերակատարությունը պետության հաշվետվողականության շղթայում:

Ըստ Գագիկ Բարսեղյանի` աուդիտորները հաշվեքննության արդյունքում մատնանշում են տվյալ ոլորտում արձանագրած թերությունները, կատարում եզրակացություններ եւ առաջարկում քայլեր դրանց վերացման ուղղությամբ:

Թեկնածուն շեշտադրել է օրենսդիր իշխանության եւ Հաշվեքննիչ պալատի շարունակական համագործակցության անհրաժեշտությունը:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել Գագիկ Բարսեղյանի թեկնածությանը` Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար:

 

Նշենք, որ հեղինակների առաջարկությամբ մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Գեւորգ Պապոյանի հեղինակած «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» եւ կից նախագծերի փաթեթի քննարկումը:

  • Կիսվել: