ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Համայնքներում նոր տեսակի հաշվեքննության պահանջ կա. Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու

Համայնքներում նոր տեսակի հաշվեքննության պահանջ կա. Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու

«Իմ քայլը» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ներկայացրել է Գեղամ Հովեյանի թեկնածությունը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում թեկնածուին ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Գրիգորյանը: 

Նա նշեց, որ Հովեյանն աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններում, Վերահսկիչ, ապա Հաշվեքննիչ պալատում՝ որպես 2-րդ և 3-րդ վարչության պետ: 

Թեկնածուն ասաց, որ պետական ֆինանսների վերահսկողության ոլորտում աշխատում է արդեն 20 տարի, այդ տարիներին մասնակցել և ղեկավարել է բազմաթիվ ստուգումներ, վերահսկողական միջոցառումներ, հիմա արդեն՝ հաշվեքննություններ: 

Գ.Հովեյանի խոսքով՝ Հաշվեքննիչ պալատի 3-րդ վարչության պետի պաշտոնում, մասնավորապես, մասնագիտացել է տեղական ինքնակառավարման մարմինների հաշվեքննության ոլորտում: Նա ասաց, որ համայնքները բազմաթիվ խնդիրներ ունեն ֆինանսների կառավարման առումով, և բարեփոխումների անհրաժեշտություն կա:

«Այդ խնդիրը կարևորում եմ հատկապես այս՝ խոշորացված համայնքների ձևավորման փուլում և կարծում եմ, որ մարզերում նոր տեսակի հաշվեքննության իրականացման պահանջ կա, ինչը թույլ կտա ֆինանսական հատկացումները նպատակային օգտագործել»,- ընդգծեց թեկնածուն:   

Նա նշեց, որ ընտրվելու դեպքում Կառավարությանը և ԱԺ-ին առաջարկելու է ավելի շատ ռեսուրս տրամադրել համայնքների հաշվեքննության համար: 

Հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի հարցին ի պատասխան՝ թեկնածուն նշեց, որ կառույցի հանրային վստահությունը բարձրացնելու համար պետք է հաճախ հանրայնացնել հաշվեքննությունների արդյունքները, ներկայացնել բացահայտված խախտումները: 

Քննարկման ավարտին հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Գեղամ Հովեյանի թեկնածությանը: Այն կքննարկվի առաջիկա լիագումար նիստում: Թեկնածուն ընտրվելու է փակ գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր ձայների 3/5-ով:

  • Կիսվել: