կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագրում ներառված է 10 համապարփակ ծրագիր. Լոռու մարզպետարան

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագրում ներառված է 10 համապարփակ ծրագիր. Լոռու մարզպետարան

Լոռու մարզպետարանում անցկացվել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստ, որը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը։ Փոխմարզպետը ողջունել է ներկաներին՝ իր և մարզի ղեկավարի անունից շնորհակալություն հայտնելով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն ուղղված հարցերի նկատմամբ հետևողական վերաբերմունք ցուցաբերելու համար։
 
Հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանն ամփոփ ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզում Լոռու մարզպետարանի, պետական այլ կառույցների և հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ 2021թ. ընթացքում կատարված աշխատանքները: Նա, մասնավորապես, անդրադարձել է հավասար և մատչելի պայմանների ստեղծմանն ուղղված պետական և միջազգային ծրագրերին, մատուցվող ծառայություններին, սոցիալական ներառման միջոցառումներին։
 
Անդրադառնալով նաև հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022 թվականի տարեկան ծրագրի կատարումն ապահովող մարզում ծրագրված միջոցառումներին՝ նշել է, որ նախատեսված է իրականացնել 10 համապարփակ ծրագիր՝ իր ենթածրագրերով: Դրանք ուղղված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, մատչելիության, կրթության իրավունքի ապահովմանը, սոցիալական ծրագրերին, վերականգնողական ծառայություններին, մարզական և մշակույթային միջոցառումներին և այլն։
 
Նիստի ընթաքում քննարկվել են նաև ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 18-ի «Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» N 369-Լ որոշման մի շարք կետերի պահանջներին առնչվող հարցեր։
 
Հանձնաժողովի քարտուղարը տեղեկատվություն է ներկայացրել հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված անկախ կյանքի կենտրոնների և Լոռու մարզի համայնքներում նման կենտրոններ կազմակերպելու հնարավորություններին։ Քննարկվել են նաև այլ հարցեր։

  • Կիսվել: