հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հանրային սննդի օբյեկտ մտնելուց առաջ բոլորը կջերմաչափվեն, ախտանիշներ ունեցողների մուտքը կարգելվի. փոխնախարար

Հանրային սննդի օբյեկտ մտնելուց առաջ բոլորը կջերմաչափվեն, ախտանիշներ ունեցողների մուտքը կարգելվի. փոխնախարար

Մայիսի 18-ից  հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

Բացի այդ, երեք օրից կգործի հասարակական տրասպորտը, կբացվեն մանկապարտեզները, առևտրի իրականացման վայրերը, այդ թվում՝ մոլերը, ստեղծագործական խմբերը, մարզասրահները, լողավազանները։

Փոխնախարարի խոսքով, թեև սահմանափակումները հանվում են, սակայն դրանց զուգահեռ գործելու են անվտանգության կանոնները, որոնք նշված են պարետի որոշումներում։

Վարոս Սիմոնյանը հայտնեց, որ, օրինակ, հանրային սննդի օբյեկտների մուտքի մոտ բոլորը կջերմաչափվեն, իսկ ախտանիշներ ունեցողների մուտքը կարգելվի:

«Հանրային սննդի օբյեկտներում մուտքի առաջ բոլորն անպայման պետք է ջերմաչափվեն: Ում ջերմությունը բարձր կլինի, կանոնների համաձայն, չեն սպասարկվի:  Չի թույլատրվելու այն անձանց մուտքը, որոնք  կունենան բացահայտ ախտանիշներ՝  հարբուխ, հազ, բարձր ջերմություն: Միևնույն ժամանակ վերջիններիս վերաբերյալ տեղեկատվությունն անհրաժեշտ է հաղորդել Առողջապահության նախարարության թեժ գծին»,- ասաց Վարոս Սիմոնյանը։

Ըստ նրա, այդ միջոցառումներն ուղղված են միմիայն համավարակի տարածումը կանխելու, ռիսկի մակարդակը հնարավորինս նվազեցնելու համար։  Նա հորդորեց քաղաքացիներին, տնտեսավարողներին՝ խստորեն հետևել կանոններին:

Նա նաև դիմեց  այն ձեռնարկատերերին, որոնք նախատեսում են մայիսի 18-ից վերսկսել իրենց գործունեությունը։ Սիմոնյանը նրանց հորդորեց  մինչև լիովին չապահովեն կանոնները, չվերսկսեն իրենց գործունեությունը:

«Միայն բոլոր կանոնների պահպանումը թույլ կտա իրականացնել վերջիններիս գործունեությունը: Կանոնների մասամբ կիրառումը կնշանակի, որ աշխատանքը թերի է, և դա հիմք է գործունեությունը սահմանափակելու համար»,- ասաց փոխնախարարը։

Նա նաև հայտնեց, որ Հայաստանում սահմանափակված կմնան հյուրանոցային և համանման բնակատեղերի տրամադրման ծառայությունները, հյուրանոցային ծառայությունները կթույլատրվեն միայն հյուրերի հաշվառման ռեգիստր վարելու նախապայմանով։

«Մայիսի 18-ից թույլատրված տնտեսական գործունեության տեսակների համար պարետի որոշմամբ սահմանվել են գործունեության հատուկ կանոններ՝ ուղեցույցների տեսքով»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է խոշոր առևտրային կենտրոններին, Վարոս Սիմոնյանը հայտնեց, որ այս տնտեսական գործունեության տեսակը նույնպես կգործի սահմանված ժամկետում, սակայն խոշոր առևտրի կենտրոններում գնումներ կատարելիս կգործեն խիստ կանոններ:

Վարոս Սիմոնյանին ուղղված հարցերը վերաբերում էին նաև ուղևորափոխադրմանը։

Հարցին, եթե տաքսու վարորդի կողքը ուղևոր նստեցնելն արգելվում է, ի՞նչ տրամաբանությամբ է հետևի նստատեղին մեկից ավելի ուղևորի նստելը թույլատրվում, փոխնախարարն ասաց, որ այս բոլոր կանոնները քննարկվել են պատասխանատու գերատեսչությունների ու անձանց հետ, դրանք հստակ ձևակերպված են։

«Եթե որոշվել է, որ վարորդի աջ կողմում ուղևոր նստեցնելը չի թույլատրվում, դա նշանակում է, որ որոշակի ռիսկեր կան։ Հետևում նստած լինելն ավելի ցածր ռիսկային է համարվում, քան՝ վարորդի կողքը նստած լինելը»,- ասաց նա։

Ըստ փոխնախարարի, համանման կանոն գործում է նաև սննդի օբյեկտներում, որտեղ սեղանների միջև  հեռավորությունը պետք է լինի առնվազն 1,5 մետր:

  • Կիսվել: