չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Հանգի՛ստ եղեք, այն թվերը, որ գրված են Կառավարության ծրագրում, դառնալու են իրականություն. ԿԳՄՍ նախարարը՝ թերահավատներին

Հանգի՛ստ եղեք, այն թվերը, որ գրված են Կառավարության ծրագրում, դառնալու են իրականություն. ԿԳՄՍ նախարարը՝ թերահավատներին

Նախորդ տարի ունեցել ենք 23 բյուջետային ծրագիր՝ 234 միջոցառումներով, ինչն ահռելի ծավալ է: Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Խոսելով ԿԳՄՍ ոլորտում կատարողականի մասին՝ նախարարն ընդգծեց՝ ունենք իրավիճակ, երբ նախարարության համակարգման տիրույթում և բյուջեում արտացոլվում է Կառավարության խոշորագույն ծրագրերից «300 դպրոց, 500 մանկապարտեզ»-ը, որտեղ կապիտալ ծախսերի մասով ունեցել են թերակատարումներ:

«Առանց կապիտալ ծախսերի՝ նախարարության կատարողականը կազմել է 98,3 տոկոս»,- ասաց ԿԳՄՍ նախարարը: 

Ինչ վերաբերում է կապիտալ ծախսերին, ասաց՝ 2023-ի նկատմամբ 2024 թվականի համեմատ նախարարությունն ավելի է կատարել կապիտալ դասակարգվող ծախսերը շուրջ 30 միլիարդ դրամով, սակայն դա ամբողջ պատկերը չէ:

Անդրեասյանի խոսքով՝ կապիտալ ծախսերի կատարման ցուցանիշների աճը վկայում է այն մասին, որ ունենք վստահություն, որ բոլոր պլանները, որոնք դրված են նախարարության առաջ, հավակնոտ ծրագրեր են, բայց կուտակված ռեսուրսը և աշխատանքի տեմպը տալիս են վստահություն, որ այն ցուցանիշները, որոնք նախատեսված են Կառավարության ծրագրերով, իրականացվելու են:

«Անդրադարձս նաև դպրոցներին և մանկապարտեզներին է: Հնչեցվեցին տարբեր թվեր:

Հանգի՛ստ եղեք, այն թվերը, որ գրված են Կառավարության ծրագրում, դառնալու են իրականություն, և ես առաջարկում եմ բոլոր թերահավատներին՝ դպրոցներ առաջիկա այցին մասնակցել կազմակերպվող շրջայցերին, գալ և տեսնել աշխատանքների կատարման որակը, ստանդարտը և ծավալը:

Վստահաբար, այդ այցերից հետո թերահավատների թիվն էապես կպակասի»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:

  • Կիսվել: