Հակաճգնաժամային 8-րդ ծրագրից կօգտվի 9171 աշխատող
ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել հակաճգնաժամային 8-րդ միջոցառմանը վերաբերող որոշման մեջ։
Արդյունքում, ինչպես նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը, աջակցությունից օգտվող ոլորտների ցանկն ավելացնում է 9-ով։ Այսպիսով, աջակցությունից օգտվող ոլորտների թիվը հասցվում է 32-ի։
Այդ ոլորտներն են՝
«1) Մանածագործական արտադրատեսակների արտադրություն.
2) փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղեւից, ծղոտից եւ հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից.
3) թղթի եւ թղթե արտադրատեսակների արտադրություն.
4) ռետինե եւ պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն.
5) համակարգիչների, էլեկտրոնային եւ օպտիկական սարքավորանքի արտադրություն.
6) էլեկտրական սարքավորանքի արտադրություն.
7) ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական եւ լրացուցիչ այլ գործունեություն.
8) համակարգիչների, անձնական օգտագործման եւ կենցաղային արտադրատեսակների նորոգում.
9) ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն»:
Արման Ուդումյանը նշեց, այս 9 ոլորտներով շահառուների թիվը կավելանա 9171-ով, որոնք աշխատում են 1875 կազմակերություններում, աջակցության ընդհանուր բյուջեն կկազմի 623 մլն 628 հազար դրամ:
«Այս պահին 8-րդ միջոցառման շրջանակում աջակցություն է տրամադրվել 124 հազար 609 շահառուի, ընդհանուր գումարը կազմում է շուրջ 8,5 մլրդ դրամ»,- ընդգծեց փոխնախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այս պահին շահառուներին հասանելի է ընդհանուր առմամբ օժանդակության 100 միլիարդ 400 միլիոն դրամ:
«Միջոցառումների շահառու տնտեսվարողների թիվը կազմում է 51 800, ֆիզիկական անձանց թիվը գերազանցում է 1.1 միլիոնը: Ութերորդ միջոցառման շրջանակում մենք արդեն օգնել ենք 124 հազար 609 մարդու՝ 8.4 միլիարդ դրամ, 9-րդ միջոցառումով՝ 186 հազար 233 մարդու՝ 4.9 միլիարդ դրամ: Ընդհանուր առմամբ կառավարությունն ընդունել է 19 հակաճգնաժամային միջոցառում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: