Գյումրիում մեկնարկելու է բնակարանաշինական նոր ծրագիր
Գյումրու քաղաքապետարանում օգոստոսի 19-ին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն ու ԱՌՔ հիմնադրամի նախագահ Հրահատ Ստեփանյանը ստորագրեցին համաձայնագիր, որի հիմքում տնակներում բնակվող ընտանիքների բնակապահովման խնդիրների լուծումն է: Համաձայնագրով Գյումրու քաղաքապետարանը Անի թաղամասում անհատույց տարածք է հատկացնում հիմնադրամին՝ բնակելիներ կառուցելու նպատակով:
Քաղաքապետարանը նաև տրամադրում է բնակելիների արտաքին ինժեներական ցանցերի կառուցման նախագիծ: «Հիմնադրամը գումար է հատկացնում բնակելիների կառուցման ու շինարարության համար: Ներդրումների 50 տոկոսը ընտանիքների համար նվիրատվություն է լինելու, իսկ գումարի մյուս 50 տոկոսը բնակիչները վերադարձնելու են հիմնադրամին 10 տարվա ընթացքում: Այս վերադարձվող գումարը ևս շինարարության հաջորդ փուլերի շարունակության նպատակով է ծառայելու»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում նշեց ԱՌՔ հիմնադրամի նախագահ Հրահատ Ստեփանյանը՝ տեղեկացնելով, որ հիմնադրամի ներդրումներն իրականացնում են ամերիկաբնակ հայերը: