ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գյուղական բնակավայրերի բնակիչները ևս կառավարությունից աջակցություն կստանան․ Նախարար

Գյուղական բնակավայրերի բնակիչները ևս կառավարությունից աջակցություն կստանան․ Նախարար

Հայաստանի գյուղական բնակավայրերի բնակիչները, ովքեր տուժել են կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության ժամանակ, կառավարությունից կստանան աջակցություն, այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նրա խոսքով, ի տարբերություն գյուղական բնակավայրի բնակիչների, քաղաքներում ապրող մարդիկ որոշ սահմնափակումներ ունեն, այն դեպքում, երբ գյուղերում բնակիչները կարող են զբաղվել հողագործությամբ։ Այդուհանդերձ, ըստ նախարարի, գյուղաբնակները ևս աջակցություն կստանան։

«Գյուղական բնակավայրերում բակիչները եթե նույնիսկ մեկուսացած են ու զբաղվում են հողագործությամբ, առօրյա գործերով, ապա իրենց դեպքում հնարավորությունը որոշակի մեծ է՝ հանապազօրյա սնունդն ունենալու համար։ Սակայն միևնույն է նրանք ևս աջակցություն կստանան», ասաց նախարարը։ Աջակցության համար մարդիկ կարող են դիմել նախարարություն միայն երեք ամիսների ընթացքում երեք ամիս անց այդ աջակցությունը չի տրամադրվելու։ Աջակցությունը լինելու է գումարի տեսքով, միանվագ։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված մյուս միջոցառումներին, ապա դրանցից մեկը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող և մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված ծնողներին։ Բաթոյանի ներկայացմամբ, այս ծրագրի շահառու չեն կարող դառնալ չգրանցված աշխատողները։
«Շահառու կարող են դառնալ այն քաղաքացիները, ովքեր ազատվել են աշխատանքից մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ նրանց երեխայի մյուս ծնողը մահացած է կամ անհայտ կորած։ Կարող են շահառու լինել այն քաղաքացիները, որի դեպքում մինչև 14 տարեկան երեխայի ծնողներից մեկն է եղել գրանցված աշխատող , ազատվել է աշխատանքից նշված ժամանակահատվածում, իսկ մյուս ծնողը չի աշխատում, ինչպես նաև մինչև 14 տարեկան երեխա ունեցող միայնակ ծնողը, ով եղել է գրանցված աշխատող և ազատվել է աշխատանքից նշված ժամանակահատվածում»,- ասաց Բաթոյանը։


Նախարարը նշեց, որ ծրագրի աջակցության չափն է 100 հազար դրամ յուրաքանչյուր երեխային։
Հիշեցնենք՝ կառավարությունն ընդունել է սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված 5 միջոցառում, որոնց նպատակն է աջակցել արտակարգ դրության պայմաններում հասարակության խոցելի խմբերին։

  • Կիսվել: