շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունն իր գործողությունները կատարում է օրենքի սահմաններում. Հայտարարություն

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունն իր գործողությունները կատարում է օրենքի սահմաններում. Հայտարարություն

Նոյեմբերի 22-ի երեկոյան ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմը տարածել է տեսանյութեր ու լուսանկարներ, որտեղ հայտնել է, որ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը կոտրել է իրենց դարպասը:

«Ընկերությունը չի կոտրել դարպաս: Իսկ Ազատություն 26 և 26/1 հասցեում կատարվող շինարարական աշխատանքները օրինական են և համապատասխանում են շինարարության թույլտվության Ավելին, ընկերությունը աշխատանքները սկսելու մասին նախապես իրազեկել է «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարությանը (ՊՈԱԿ-ի տնօրենը ստորագրել է մեր իրազեկում/նամակի ստացականի տակ), Պետական գույքի կառավարման կոմիտեին, ՀՀ ոստիկանությանը (որի ներկայացուցիչները եղել են տարածքում)։

Նոյեմբերի 22-ին 18:00-ին բոլորի ներկայությամբ, կապալառուի միջոցով Նորքի ջրատարի տեղափոխման համար ժամանակավորապես ապամոնտաժվել են ճաղավանդակներ՝ աշխատանքները ավարտելուց հետո այն վերականգնելու պայմանով» , - հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։

Ըստ հաղորդագրության՝ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության ներկայացուցիչները նախապես դիմել են «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի անվտանգության պետին՝ տարածքի անվտանգությունն ապահովելու համար։ ՊՈԱԿ-ի ղեկավարությունը մերժել է, որից հետո մեր ընկերության ներկայացուցիչները հեռացել են: 

«Մենք հայտնել ենք, որ պատրաստ են համագործակցել, նաև համատեղ աշխատել։ Այս առաջարկը ՊՈԱԿ-ի ղեկավարությունը նույնպես մերժել է։ ՊՈԱԿ-ի փոխտնօրենը, տնօրենը և աշխատակազմի այլ ներկայացուցիչներ սոցիալական ցանցերում տարածում են ակնհայտ ապատեղեկատվություն, պիտակավորում են ու արատավորում «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության համբավը, ավելին չեն զլանում նաև անձնական վիրավորանքներ հասցնել ընկերության ներկայացուցիչներին: Մենք պատրաստվում ենք այս ամենին տալ իրավական գնահատական ու ընթացք:
 
«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը իր բոլոր գործողությունները կատարել ու կատարում է օրենքի սահմաններում, շինաշխատանքների կատարման համար կան պետական համակարգի լիազոր ներկայացուցիչների բոլոր թույլտվությունները:

Հորդորում ենք գիտնականներին չմոռանալ, որ վերոնշյալ տարածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, և այն տրված է նրանց օգտագործմանը։ Տարածքի սեփականատեր հանդիսացող պետական համակարգի բոլոր ներկայացուցիչներից ունենք համապատասխան թույլատվությունները այնտեղ աշխատանքներ կատարելու համար», - նշված է հաղորդագրության մեջ։
 
Հիշեցնենք՝ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր տեսանյութեր՝ ահազանգելով, որ աշխատանքային օրվա ավարտից հետո տարածքում շինարարական աշխատանք իրականացնող «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության ներկայացուցիչները ոստիկանության ներկայացուցչի՝ Ստյոպա Մանուկյանի ուղեկցությամբ կոտրել են կենտրոնի դարպասն ու գցել մի կողմ։
 

  • Կիսվել: