ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանում հրավառություն կլինի միայն տոն օրերին

Հայաստանում հրավառություն կլինի միայն տոն օրերին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը առաջարկում է կանոնակարգել հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումն ու առևտրի իրականացման ոլորտը։ Ազգային ժողովում ներկայացնելով ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը՝ Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ նախագծով նախ համապատասխանեցնում են Հայաստանի տեխկանոնակարգերը ԵԱՏՄ-ի տեխկանոնակարգերին և արգելում են 3-րդ, 4-րդ և 5-րդ դասի հրագործական արտադրատեսակների ներմուծումը, կիրառումը և վաճառքը։

«Այսինքն՝ եթե հրավառություն կլինի Հայաստանի Հանրապետությունում, ապա դա կամ համայնքային, կամ պետական նշանակության տոն օրերին է։ Իհարկե, իդեալական կլինի, որ այս օրենքի ընդունումից հետո հենց այդպես էլ լինի, որովհետև, ցավոք, ոչ միայն Հայաստանում, այլև բոլոր երկրներում էլ արգելված որոշակի արտադրատեսակների ներքին ապօրինի շրջանառություն լինում է, բայց, կարծում եմ, որ այս օրենքի ընդունումը կհանգեցնի նրան, որ մենք փաստացի կունենանք 90 և ավել տոկոս նվազում։ Եվ երբ հրավառություն կտեսնենք, պետք է հասկանանք, որ Հայաստանի Հանրապետությունում տոն օր է կամ էլ մեծ միջոցառում է կազմակերպվել պետության կամ համայնքի մասնակցությամբ»,- ասաց Գաբրիելյանը։

Ինչ վերաբերվում է 1-ին և 2-րդ դասի հրագործական արտադրատեսակներին(օրինակ՝ բենգալյան կրակ)՝ պատգամավորը նշեց, որ դրանց ներմուծումը և վաճառքը կշարունակվի և որևէ սահմանափակում նախատեսված չէ։

«Միայն որոշակի պահանջներ կներդրվեն դրանց պահեստավորման և տեղափոխման հարցում»,- եզրափակեց Գաբրիելյանը։

 

 

  • Կիսվել: