երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գործատուն չի կարողանա աշխատողին աշխատանքից ազատել՝ կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով

Գործատուն չի կարողանա աշխատողին աշխատանքից ազատել՝ կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով

Հայաստանում գործատուն չի կարողանա աշխատողին աշխատանքից ազատել՝ կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով. Աշխատանքային օրենսգրքից հանվում է այս հիմքով աշխատանքից ազատելու կարգավորումը։ Այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը  Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին  եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ:

Փաթեթով փոփոխություններ են կատարվել մինչև 18 տարեկան անձանց աշխատանքին վերաբերող կարգավորումներում, փոփոխությունները հիմնականում ժամային գրաֆիկի հետ են կապված:

«Օրինակ՝ 12-15 տարեկան երեխաները կաշխատեն օրական մինչև 4 ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան 12 ժամ: 15-16 տարեկան երեխաները կաշխատեն շաբաթական մինչև 24 ժամ: Եվս մեկ անգամ շեշտադրվել է պարտադիր կրթության համար սահմանված ժամանակից դուրս աշխատանքային գործառույթներ իրականացնելը և հստակեցվել է, թե ինչով չեն կարող զբաղվել երեխաները»,-ասաց փոխնախարարը:

Նախագծում ամրագրվել է աշխատանքային հարաբերութուններում բռնության կամ ոտնձգության հասկացությունը: Փոխնախարարը ընդգծեց, որ շատ կենսաթոշակային տարիքի մարդիկ կան, որոնք ցանկանում են շարունակել աշխատել, քանի որ սոցիալական խնդիր են լուծում:  «Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածում կա աշխատանքի ազատման հիմքը: Նախագծով առաջարկում ենք հանել այդ հիմքը»,-ասաց փոխնախարարը:

Գործող կարգավորումներով գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը՝ աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում, եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Բացի այդ, ամրագրված է, որ կենսաթոշակային տարիքի անցած քաղաքացու հետ անորոշ ժամկետով պայմանագիր կնքել հնարավոր չէ: Նախագծով այդ հնարավորությունը ևս սահմանվել է:

Կատարվել են նաև հանգստի իրավունքին վերաբերող փոփոխություններ: Ներկայում, եթե աշխատողը արձակուրդ գնալու դիմում չի ներկայացնում, ապա գործատուն որևէ լիազորություն չունի մարդուն արձակուրդ ուղարկելու: Առաջարկվող կարգավորումով սահմանվում է՝ եթե աշխատողը 2.5 տարի անընդմեջ արձակուրդի դիմում չի ներկայացնում, ապա գործատուն իրավունք է ստանում աշխատողին իր հայեցողությամբ ուղարկել արձակուրդի:

Եթե գործատուն աշխատողին՝ իր դիմումի համաձայն արձակուրդ չի տրամադրում, ապա նախատեսվում է տուգանք՝ աշխատողի միջին ամսական աշխատավարձի 0.15 տոկոսի չափով:

Գործող կարգավորումներով՝ աշխատող-գործատու հարաբերություններ սկսելուց 6 ամիս հետո էր միայն աշխատողին արձակուրդի հնարավորություն տրամադրվում: Հիմա ավելի ճկուն հնարավորություն է տրվել, դա թողնվում է աշխատող-գործատու հայեցողության վրա:

Գործատուի առարկության բացակայության դեպքում աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել աշխատողի՝ աշխատանքից ազատվելու մասին դիմումում նշված ժամկետում: Ներկայում 30 օրվա ժամկետ կա:

  • Կիսվել: