չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գործարկվել է Yerevan.am կայքի «Շինարարական թույլտվություններ» բաժինը

Գործարկվել է Yerevan.am կայքի «Շինարարական թույլտվություններ» բաժինը

Երեւանում գրեթե ամեն օր կարելի է հանդիպել մեկնարկող շինարարության՝ տուն, շենք, հասարակական ու արտադրական շինություններ: Մեծ ու փոքր մասշտաբի շինարարության հանդիպելիս քաղաքացու մոտ ծագող առաջին հարցը՝ օրինակա՞ն է արդյոք, թե՝ ոչ:

Մինչեւ հիմա քաղաքացիներն այդ մասին կարող էին իմանալ միայն Երեւանի քաղաքապետարան ահազանգելով կամ հարցումներ ուղղելով: Այժմ քաղաքում իրականացվող շինարարությունների մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է առցանց: Երեւանի քաղաքապետարանը գործարկել է շինթույլտվությունների առցանց քարտեզը:

«Երբ քաղաքապետին զեկուցում էինք «թեժ գծերով» ստացված հարցերը, հասկացանք, որ կա խնդիր, որ քաղաքացիները երբեմն տեսնելով շինարարություն, չունեն հնարավորություն պարզելու դա օրինական է, թե՝ ոչ: Բացը գիտակցելով՝ մի քանի ամիս շարունակ աշխատանքներ տարանք, եւ ստեղծվեց այս հարթակը»,-ընդգծում է Երեւանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

«Գործիքը բավական ճկուն է ստեղծված: Ընտրում ենք որեւէ վարչական շրջան, այնուհետ հնարավորություն ունենք ընտրել նպատակային նշանակությունը՝ օրինակ, «Բնակելի շինություններ», որից հետո կարող ենք ընտրել շինության կոնկրետ տեսակը՝ ասենք, բազմաֆունկցիոնալ բնակելի շենք: Համակարգում կա հնարավորություն նաեւ ընտրել շինությունն ըստ հասցեի կամ կառուցապատողի»,-մանրամասնում է «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը:

Հարթակ մուտք գործելն ու տեղեկատվության ճշգրտումը քաղաքացիներից կխլի մի քանի վայրկյան: Գործիքից օգտվելը հեշտ է եւ հասանելի:

Այստեղ կգտնեք տեղեկատվություն կառուցապատողի, շինության տեսակի մասին, ինչպես նաեւ՝ թույլտվության տրամադրման ամսաթիվը, համարը եւ թե երբ է նախատեսվում ավարտել այն: Կից կտեսնեք նաեւ լուսանկարներ, թե ինչպիսի տեսք է ունենալու շինությունը:

Քաղաքում տրված յուրաքանչյուր նոր թույլտվություն նախ թվայնացվում, ներբեռնվում է քաղաքաշինական փաստաթղթերի հաշվառման բազայում, որից հետո հայտնվում է նաեւ քարտեզին: Տեղեկատվությունը թարմացվում է ամեն օր:

Այժմ կայքում հասանելի են ավելի քան 4500 շինթույլտվության տվյալներ:

Քաղաքապետարանը քաղաքում սկսող եւ ընթացող շինարարությունների վերաբերյալ բազմաթիվ նամակներ էր ստանում նաեւ լրատվամիջոցներից: Հարթակի ստեղծումը կթեթեւացնի նաեւ նրանց աշխատանքը:

«Շինարարության օրինականությունը ստուգելու համար անհրաժեշտ է քաղաքապետարան գրավոր հարցում ուղարկել, եւ առնվազն 5 օր կարող էինք կորցնել: Գործիքի ստեղծումն իրենով դրական է, բացի այդ, այն հնարավորթություն է տալիս տեղորոշել շինարարության տեղանքը»,-ասում է հետաքննող լրագրող Տիրայր Մուրադյանը:

Շինթույլտվությունների առցանց հարթակը ոչ միայն տեղեկատվության աղբյուր է, այլեւ ապօրինի շինարարության կանխարգելման յուրօրինակ գործիք:

«Ինձ համար ՏՏ կիրառումը կառավարման ոլորտում շատ կարեւոր է: Մենք հաճախ ահազանգեր ենք ունենում քաղաքացիներից, երբ, օրինակ, իրենց բակում ինչ-որ շինարարություն է իրականացվում եւ մտածում են, որ ապօրինի է: Սա միջոց է, որ քաղաքացիները հենց հեռախոսով միանգամից բացեն հավելվածը եւ տեսնեն կա՞ թույլտվություն, թե՝ ոչ: Կատեգորիաներն էլ շատ բազմազան են՝ սկսած պարսպից մինչեւ բազմաբնակարն շենք: Մեկ այլ հարց է,որ սա թափանցիկության համար շատ կարեւոր գործիք է: Կարող ենք առցանց հետեւել, թե քաղաքապետարանը որտեղ ինչ շինթույլտվություն է տվել, եւ ընդհանուր վերահսկողություն իրականացվի»,- նշում է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանը:

«Այս պլատֆորմը համալրեց մեր «Open data» գործիքների շարքը, ինչը համահունչ է «Խելացի քաղաք» հայեցակարգի դրույթներին: Դրանք բաց տվյալներ են, որի միջոցով, օրինակ, ներդրողները հնարավորություն կունենան կանխատեսել, թե որ ոլորտի շինարարությունն է նախատեսվում այս կամ այն վարչական շրջանում»,-ասում է Սարգիս Մանուկյանը:

«Տեւական ժամանակ աշխատանքներ են տարվում ավելի քան 160 ծառայության թվայնացման եւ էլեկտրոնային դարձնելու ուղղությամբ»,- ընդգծում է փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:

Երեւանի քաղաքապետարանի թիմը, չնայած արտակարգ դրության պայմաններին, շարունակում է աշխատանքը՝ մտածելով նոր լուծումներ, որոնք ժամանակին համընթաց կկրճատեն քաղաքապետարանի հետ քաղաքացիների հարցումների ժամանակն ու կբարձրացնեն իրազեկման մակարդակը:

  • Կիսվել: