հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Գործարարը ոստիկանության հետ պայմանագիր է կնքել, կանեփ ցանել, բայց ոստիկանությունն առգրավել է բերքը. Գորգիսյան

Գործարարը ոստիկանության հետ պայմանագիր է կնքել, կանեփ ցանել, բայց ոստիկանությունն առգրավել է բերքը. Գորգիսյան

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց, որ ամիսներ առաջ բարձրացրել է ներդրողների հետ կապված խնդիրները: Նշել է, որ նրանք տարբեր խոչընդոտների են հանդիպում, իսկ վարչապետը խոստացել է պատժել խոչընդոտողներին:

Գորգիսյանը նշեց. «Ուզում եմ ներկայացնել հերթական ներդրողի ոդիսականը, ներդրողը 2019 թվականի մայիսին Կառավարությանն էր ներկայացրել 7-ամյա բիզնես ծրագիր և խոսքը վերաբերում էր տեխնիկական կանեփի ցանքին, որին թույլտվությունը Կառավարությունից ստացել էր: Նշեմ, որ այդ կանեփում 0,3 տոկոս է պարունակում հոգեմետ նյութը և չի համարվում թմրամիջոց: Կառավարությունը տվել էր համաձայնություն, ներդրողը 170 հազար դոլարի սերմացու է տվել, բերել է, ցանել է, Ոստիկանության հետ կնքել է 24-ժամյա պահպանության պայմանագիր, որպեսզի այդ մեկ հեկտար ակտը պահպանեն և երբ եկել է արտադրանքը հավաքելու փուլը, որից նախատեսվում էր տեղում կազմակերպել օրինակ՝ բուսական յուղի արտադրություն, մանրաթելերի արտադրություն, և երբ հավաքել են ամբողջ ցանածը, ոստիկանությունը եկել է և առգրավվել է, այն Ոստիկանությունը, որ մի քանի ամիս այդ տարածքը պահպանել է»:

Նրա խոսքով՝ ամիսներ շարունակ այս գործարարը չի կարողանում Կառավարությունից որևէ պատասխան ստանալ, թե ինչ անի և դիմել է իրեն: Նա ասաց. «Ուզում եմ հասկանալ, թե ինչ անի այս գործարարը, քանի որ Ամերիկայի իր գործընկերները սպասում են պատասխանի: Մոտ 400 հազար դոլարի ներդրում է կատարել և հիմա անորոշ վիճակում է մնացել»:

Գորգիսյանի հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա ասաց, որ տվյալ ներդրողը կառավարությունից որևէ համաձայնություն նմանատիպ գործունեություն իրականացնելու համար չի ստացել և չի կարող ստանալ, քանի որ Կառավարության որոշման համաձայն կանեփի բոլոր տեսակների արտադրությունը ՀՀ-ում արգելված է: Նա նշեց, որ ոչ տեխնիկական կանեփը որոշ երկրներում արգելված չէ, և նման քննարկումներ սկսվել են  նաև Հայաստանում, և Էկոնոմիկայի նախարարությունը վերլուծությունը կտա, թե նման կանեփի արտադրությունը ինչ հնարավորություններ է տալիս, և ո՛ր երկրներում ի՛նչ կարգավորումներ կան:

«Այն թվերը, որոնք դուք հնչեցնում եք ուղղակի գերչափազանցված են, որևէ կերպ փաստարկված չեն»,-վստահեցրեց Ավինյանը և ասաց, որ, այնուամենայնիվ, Էկոնոմիկայի նախարարության վերլուծությունից հետո իրենք իրենց վերաբերմունքը կկարողանան արտահայտել, դրանից հետո արդեն կհետևի տվյալ ներդրողի խնդրի հանգուցալուծումը:

Գորգիսյանը նկատեց, որ, փաստորեն, փոխվարչապետը պնդում է, որ առանց Կառավարության թույլտվության հնարավոր է ներկրել սերմացու, մեկ հեկտար տարածք ցանք կազմակերպել, առանց Կառավարության իմացության՝ ոստիկանության հետ պայմանագիր կնքել, որ այդ արտը 24-ժամյա հսկողություն ունենա: Նա նշեց.«Եթե դա այդպես է, ուրեմն առաջին հերթին պետք է համապատասխան կառույցների ղեկավարներին աշխատանքից հեռացնել, նոր քննարկումները իրականացնել: Ո՞նց է հնարավոր, որ դա ներմուծվել, ցանվել, քաղվել է Կառավարությունը  ոչինչ չի ձեռնարկել և վերջին պահին եկել առգրավել է»:

Ավինյանն էլ ասաց, որնշված կառույցի ղեկավարն արդեն չի աշխատում: Նա նշեց, որ գուցե հնարավոր է Հայաստանում ներմուծել, քանի որ ներմուծումը կարգավորումներով չի արգելվում, բայց աճեցումն արգելվում է: Այս իսկ պատճառով Կառավարության չէր կարող լինել հետ որևէ համաձայնություն:

  • Կիսվել: