երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Գերմանիան Հայաստանին 20 մլն եվրո վարկ կտրամադրի

Գերմանիան Հայաստանին 20 մլն եվրո վարկ կտրամադրի

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը Հայաստանին 20 մլն եվրո վարկ կտրամադրի ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության համաձայնագրի շրջանակներում: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովը հունիսի 15-ի նիստում դրական եզրակացություն է տվել երկրի կառավարության ներկայացրած համաձայնագրի նախագծին: Փաստաթուղթը կքննարկվի ՀՀ ԱԺ լիագումար նիստում:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի խոսքով ՝ վարկային ռեսուրսները կառավարելու է հայ-գերմանական հիմնադրամը (CIZ), որը երկրի առեւտրային բանկերի միջոցով վերաֆինանսավորելու է գյուղատնտեսության, փոքր եւ միջին բիզնեսի, մասնակի հիփոթեքային վարկավորման ծրագրերը: Վարկի ստացման հասցեատերը կդառնա Կենտրոնական բանկը, որն իր վրա կվերցնի նաև այդ պարտքի կառավարումը ։ Գերմանիայի կառավարության ֆինանսական միջոցները կտրամադրվեն KfW բանկի միջոցով։

Բացի վարկային ռեսուրսներից, նախատեսվում է նաեւ ներգրավել տարբեր դրամաշնորհներ ։ Մասնավորապես, աջակցության ծրագրին ուղղվելու է 750 հազար եվրո, նույնքան էլ Ախուրյան գետի ջրերի կառավարման արդյունավետության բարձրացման վարկային ծրագրի իրականացման կարողությունների հզորացմանը: Նախատեսված են նաև այլ դրամաշնորհային ծրագրեր ։

Ընդ որում, ինչպես նշել է փոխնախարարը, շրջանակային համաձայնագիրը պետք է վավերացվի ՀՀ Ազգային ժողովի կողմից ոչ ուշ, քան 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը պետք է ապահովվի մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: Արմեն Հայրապետյանը նաեւ ընդգծել է, որ ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից՝ տեխնիկական աջակցություն, վարկ եւ CIZ նախագծերի ֆինանսավորում:

  • Կիսվել: