շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Fly One Armenia»-ն ընդլայնում է թռիչքային աշխարհագրությունը. դիտարկվում են Թեհրանը, Բեյրութը

«Fly One Armenia»-ն ընդլայնում է թռիչքային աշխարհագրությունը. դիտարկվում են Թեհրանը, Բեյրութը

«Fly One Armenia» ավիաընկերությունն ընդլայնում է իր թռիչքային ուղղությունների աշխարհագրությունը: Հրավիրված ասուլիսում «Fly One Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը նշեց, որ դիտարկում են Մերձավոր Արևելքի մի քանի կարևոր կենտրոններ:

«Նախատեսում ենք այս տարի ներառել Թեհրանը, Բեյրութը, հնարավորության դեպքում կընդլայնենք աշխարհագրությունն այլ ուղղություններով: Մեր նպատակը դեպի Հայաստան ու Հայաստանից դուրս ուղևորահոսքն ավելացնելն է: Ավիացիոն ծառայությունների պահանջարկն աշխարհում աճ է արձանագրում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ավիացիոն ծառայությունների նկատմամբ ներկայիս պահանջարկը գերազանցում է նախահամավարակային ցուցանիշները: Որպես ավիաընկերություն՝ պետք է ամեն ինչ անենք ձևավորված պահանջարկը բավարարելու համար՝ արձագանքելով միջազգային միտումներին»,-ասաց Արամ Անանյանը:

Ավիաընկերությունն օրեր առաջ համալրել է իր ավիացիոն պարկը նոր ինքնաթիռով: Երրորդ օդանավն արդեն ժամանել է Հայաստան:  Ձեռք է բերվել Airbus A319 դասի 144 տեղանոց օդանավ: Այն հնարավորություն է տալիս ընդլայնել թռիչքային աշխարհագրությունը, ներառել նոր ուղղություններ, ավելացնել թռիչքների պարբերականությունը և շատ ավելի որակյալ ավիացիոն ծառայություններ մատուցել:

«Տեղյակ եք, որ խնդիրներ առաջացան Թուրքիայի օդային տարածքով տարանցման հնարավորության հետ կապված: Ասեմ, որ խնդիրները հաղթահարվեցին նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործուն աջակցությամբ»,-ասաց Արամ Անանյանը:

Հունիսի 17-ից ավիաընկերությունը վերսկսում է Երևան-Լիոն-Երևան, Երևան-Փարիզ-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները: Արամ Անանյանը տեղեկացրեց, որ դիտարկվում է նաև ամռան ընթացքում չարտերային թռիչքների իրականացման հնարավորությունը հայաստանցիների համար սիրված հանգստի գոտիներ:

  • Կիսվել: