հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ֆինանսների նախարարը՝ գնային փոփոխությունների մասին

Ֆինանսների նախարարը՝ գնային փոփոխությունների մասին

Այն ինչ տեղի ունեցավ օրինակ 2021 թվականին պարենի համաշխարհային շուկայում, կարելի է ասել, որ պայմանավորված էր 2020 թվականի քովիդով և իր հետևանքով նաև ամբողջ աշխարհում արժեշուկաների որոշակի դասավորումներով: Այս մասին այսօր  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով, տեղի ունեցող գնային փոփոխությունները՝  շաքարավազի, ալյուրի, ձեթի և այլ ապրանքների հետ կապված, այո կան, բայց պետք է նկատի ունենալ, որ տեղի են ունենում երկու ուղղությամբ փոփոխություններ, եթե երկարաժամկետ ենք նայում:

«Այն ինչ տեղի է ունենում հիմա իր բնույթով մի քիչ տարբեր է և կապ ունի տարածաշրջանային անորոշությունների  և մեր հիմնական մատակարարման շուկաների հետ:  Ես գրեթե վստահ եմ, որ երբ մենք միջնաժամկետ ժամանակահատվածում գնահատականներ տալու լինենք, այսինքն այսօրվանից գնանք 3-5 ամիս առաջ և հետո հետ նայենք, կտեսնենք որ այդ խնդիրներից շատերն ինքնակարգավորվել են: Քանի որ մենք խոսում ենք գնաճի երևույթի մասին, որը տարեկան կտրվածքով է ավելի կարևոր»,- ասաց Խաչատրյանը։ Ըստ նրա՝ կենտրոնական բանկը պետք է հաջողությամբ հասնի նրան, ինչ սահմանել է օրենքը:  

Արդյոք լոգիստիկ հաղորդակցության  խնդիրներով պայմանավորված գնաճ սպասվում է: Ֆինանսների նախարարը պատասխանելով այս հարցին, ասաց, որ իրենք կարող են կարճ ժամանակահատվածում ունենալ որոշակի ազդեցություն:

«Եկեք նկատենք, որ խոսքը  չի վերաբերում միայն նրան, որ դրանք լոգիստիկ դժվարություններով են պայմանավորված, այլ այն մասին է, որ որոշակի ապրանքատեսակներ՝ որոնց համաշխարհային շուկայում  որպես մատակարարներ ՌԴ-ն է կամ Ուկրաինան, իրենք կարող են առաջարկի և պահանջարկի անհավասարակշռություն առաջացնել: Այսինքն, կարող է որոշակի ժամանակահատվածում, որևէ տեսակի արտադրանքի առաջարկը շեղվի՝ կապված վերը նշված  հանգամանքով »,- ասաց նա:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հարցին ի պատասխան հայտնեց,որ ,Հայաստանում տնտեսվարողների կողմից «որևէ կանխամտածված կամ չարամիտ գործողություն չի եղել»:  Նախարարի խոսքով, այդ խնդրով զբաղվում է Մրցակցության  պաշտպանության հանձնաժողովը. «Մեր շուկայի վերաբերյալ դիտարկումներ կատարող հանձնաժողովը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս թե՛ հրապարակային դիտարկումներով, թե՛ եթե անհրաժեշտ է՝ առանձին հանձնաժողովներում՝ հատուկ զեկույցներով»,- ասաց նա:

  • Կիսվել: