ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Ֆինանսների նախարարը ցնդաբանություն է համարում Հայաստանում աննախադեպ գնաճի վերաբերյալ պնդումները

Ֆինանսների նախարարը ցնդաբանություն է համարում Հայաստանում աննախադեպ գնաճի վերաբերյալ պնդումները

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը չի կիսում պնդումները, թե Հայաստանում արձանագրվել է աննախադեպ գնաճ։

 ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ նա մատնանշեց թվային ցուցանիշներ՝ արձանագրելով գնաճային միտումների շարունակական մեղմում։ 

«2024 թվականի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.5 տոկոս, իսկ միջին գնաճը՝ 0.3 տոկոս։ Սա այն իրավիճակն է, երբ գնաճը մոտեցել է Կենտրոնական բանկի նպատակային միջակայքի ստորին շեմին՝ խթանող դրամավարկային քաղաքականության պայմաններում» – նշեց նախարարը։ 

Հովհաննիսյանը նաև համեմատություն է անցկացրել տարածաշրջանային և նմանատիպ երկրներում արձանագրված ցուցանիշների հետ․Վրաստան՝ 1.1%, Ալբանիա՝ 2.2%, Ադրբեջան՝ 2.2%, Մոլդովա՝ 4.7%, Ղրղզստան՝ 5%, Բելառուս՝ 5.8%, ՌԴ՝ 8.4%,Ղազախստան՝ 8.7%։

«Եվ ես վերջերս լսում էի, որ Հայաստանում աննախադեպ գնաճ է։ Ինչ-որ մեկը խոսում էր դրա մասին։ Ուզում եմ ասել ուղղակի, որ այս թվերը փաստում են, որ այսպիսի պնդումները կատարյալ ցնդաբանություն են»,-եզրափակեց ֆինանսների նախարարը։

 

  • Կիսվել: