ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Եվրոպայի գետերում չկա մի կամուրջ, որի հիմքը լրացուցիչ կոնստրուկցիայով պաշտպանված չլինի. Մեզ մոտ նման բան չկա. Փաշինյան

Եվրոպայի գետերում չկա մի կամուրջ, որի հիմքը լրացուցիչ կոնստրուկցիայով պաշտպանված չլինի. Մեզ մոտ նման բան չկա. Փաշինյան

Մի անգամ Կառավարության նիստում խորհուրդ տվեցի, որ մեր ճանապարհաշինարարներն ու ենթակառուցվածքներով զբաղվող գործընկերները միջազգային խոշոր հեծանվավազքի մրցույթների եթերներին հետևեն, որովհետև ամենամեծ ինֆորմացիան է տալիս ճանապարհների մասին: Այս մասին, այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես օրինակ հետաքրքրությամբ հետևում եմ, և ես չեմ տեսնում, որ այնտեղ կա՞, օրինակ, ճանապարհ, որ անցնում է ժայռի կամ հողի կտրվածքի տակով և առանց հենապատի է, ուղղակի չկա նման բան: Այսինքն, եթե կա ճանապարհ, որը ցածր է որևէ հարթությունից պարտադիր կամ հենապատ կա, կամ պաշտպանիչ ցանցեր կան, բացառված է, որ ուղղակի ճանապարհով գնաս, վերև նայես ու հող տեսնես, չկա նման բան:

Մյուսն էլ է ակնհայտ, որ այդ ամեն ինչը չի արվել մի օրում, այդ ծավալի աշխատանքը ոչ մի օրում, ոչ մի տարում, ոչ անգամ տասը տարում չի արվել, դա կուլտուրա է, որ անընդհատ արվում է: Եթե մենք հիմա որոշենք, որ առաջիկա հնգամյակում մենք պետք է բերենք մեր բոլոր ճանապարհները այդ ստանդարտի, դա ոչ միայն անիրատեսական է, այլ նույնիսկ չարժի դրա մասին մտածել, բայց մենք սա պետք է ի գիտություն ընդունենք»,- ասաց վարչապետը:

Նա նաև նկատեց՝ Եվրոպայում, այն գետերում, որտեղ ջրերի հոսքերի աճեր են արձանագրվել, չկա մի կամուրջ, որի հիմքը լրացուցիչ կոնստրուկցիայով պաշտպանված չէ, ՀՀ-ում մենք մի հատ այդպիսի բան չունենք:

«Սա աշխատանք է, որ պետք է անընդհատ արվի, այսինքն էլի ստանդարտի հարց է, բայց նաև գիտենք, որ ինչքան ստարդատը մեծացնում ենք՝ բարձր որակ ենք ուզում, այդքան գինը բարձրանում է: Պետք չի խորշել հրավիրել միջազգային գործընկերների, ընդ որում վճարել այդ մարդկանց նորմալ և ստանալ նորմալ ծառայություններ: Եվ թանկի ու էժանի մեջ ի վերջո հին հայկական ասացվածք կա, ասում է՝ թանկից էժանը չկա»:

  • Կիսվել: