ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եթե որոշ կազմակերպությունների գործունեությունը չի բարդացել, հարկային արտոնություն տրվի ո՞ր ինչ լինի․ նախարար

Եթե որոշ կազմակերպությունների գործունեությունը չի բարդացել, հարկային արտոնություն տրվի ո՞ր ինչ լինի․ նախարար

Մեր կառավարության մոտեցումն այն է եղել, որ կան տարբեր կազմակերպություններ, որոնց մի մասի գործունեությունը բարդացել է, մի մասինը՝ ոչ, եթե նրանց գործունեությունը չի բարդացել, հարկային արտոնություն տրվի ո՞ր ինչ լինի։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի, ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ 

«Բա ո՞վ վճարի այն հարկերը, որ աջակցություն ցուցաբերվի խոցելի խմբերին։ Ձգտում ենք եղած սահմանափակ միջոցներն առավելագույն արդյունավետությամբ հասցեավորել շահառուներին»,- ասաց Էկոնոմիկայի նախարարը։

Անդրադառնալով տուժած ոլորտներին տրվող աջակցության ծրագրերին՝ նախարարն ընդգծեց, որ, օրինակ, 3-րդ միջոցառմամբ փոքր բիզնեսի համար աննախադեպ արագ և որակյալ վարկային ռեսուրսներ են առաջարկում։ Ըստ նախարարի՝ աննախադեպ է, քանի որ, որքան հիշում է՝ միակ դեպքն է վերջին տարիներին, երբ ասում են՝ բանկային համակարգը չի որոշում՝ այդ կազմակերպությանը վարկ տա՞, թե՞ ոչ։ 

Եթե կազմակերպությունը ցուցաբերել է իրեն որպես օրինապահ հարկ վճարող  և օրինապահ վարկառու, ապա իր 2019 թվականի շրջանառության 10 տոկոսի չափով, ավտոմատ եղանակով, վարկային ռեսուրս է հատկացվում։ 2 տարի ժամկետով ոչ մի տոկոսագումար վճարելու խնդիր չի ունենում։

«Ձևավորել ենք այնպիսի ունիվերսալ աջակցության գործիք, որից օգտվել են 800 կազմակերպություն, փոքր բիզնեսներ։ Հանրագումարով՝ այսօրվա դրությամբ  9 միլիարդ դրամ այդ եղանակով տրված վարկային ռեսուրսներ երկու ամսվա ընթացքում հասցվել են մասնավոր հատվածին, որ կարողանան, իրենց կարիքները գնահատելով, հասնել վաղվա օրվան»,- շեշտեց Խաչատրյանը։

Նախարարը նաև նշեց, որ չեն համարում, որ բոլոր հարցերի ճիշտ պատասխաններն  առ այսօր գտել են։ Չբացառեց, որ առանձին ոլորտներում  առանձնահատուկ կարգավորումներ կլինեն։ Ընդգծեց, որ մասնավոր հատվածը դեռևս չի հաղթահարել ճգնաժամից դուրս գալու ժամանակահատվածի շոկը, երբ հասնեն այն կետին, որ պետք է քննարկեն, թե կազմակերպությունները ոնց պետք է վերականգնեն՝  հնարավոր է նոր համապատասխան լուծումներ լինեն։

  • Կիսվել: