ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանի քաղաքապետարանին տրամադրվող բյուջեն կավելանա. մեկնարկել է Երևանի ավագանու նիստը

Երևանի քաղաքապետարանին տրամադրվող բյուջեն կավելանա. մեկնարկել է Երևանի ավագանու նիստը

 Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն կավելանա համապատասխանաբար 9,994,024.6 հազ. դրամով և 480,000.0 հազ. դրամով, որոնք արդեն ըստ ծրագրային նպատակայնության կարտացոլվեն Երևան քաղաքի բյուջեի ծախսային մասում: 

Որոշումը միաձայն ընդունվեց Երևան քաղաքի ավագանու 10-րդ նստաշրջանի 3-րդ նիստում, 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծի շրջանակում:

Փոփոխությունների համաձայն՝ պետական աջակցությամբ նախատեսվում է հիմնանորոգել Շենգավիթ վարչական շրջանի հ. 140, Աջափնյակ վարչական շրջանի Գուրգեն Մարգարյանի անվան հ.  41 և  Նոր Նորք վարչական շրջանի հ.105 մսուր-մանկապարտեզները, ինչպես նաև բարեկարգել  Աջափնյակ վարչական շրջանի  հ.48 և Էրեբունի վարչական շրջանի հ.71 մսուր-մանկապարտեզների բակային տարածքները:

Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ կառուցվելու են շատրվաններ և բարեկարգվելու է շրջակա տարածքը: Նախատեսվում է հիմնանորոգել Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական  և Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասում գտնվող այգիները:

Կարևորելով Երևան քաղաքի պոլիկլինիկաների կողմից մատուցվող առողջապահական ծառայությունները և դրանց որակական բարձրացումը, նախատեսվում է հիմնանորոգել Արաբկիր վարչական շրջանի հ.11 պոլիկլինիկան և Կիլիկիա թաղամասում գտնվող հ. 8 պոլիկլինիկայի մասնաշենքը: Նախատեսվում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վերին Ջրաշեն թաղամասում, ինչպես նաև Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հ. 61 դպրոցից մինչև Արմենակյան-Հովսեփյան փողոցների խաչմերուկը ընկած հատվածում կառուցել կոյուղատար համակարգ, որտեղ դրա բացակայության պատճառով տեղի բնակիչները և դպրոցի շահառուները բախվում են մի շարք կենցաղային խնդիրների:

Նոր Խարբերդ թաղամասի գազատարի կառուցման առաջին փուլով նախատեսվում է կառուցել շուրջ 10,6 կմ երկարությամբ գազատար։ Այս փուլում նախատեսվում է նաև կառուցել գազաբաշխիչ կայան (ԳԲԿ), որը գտնվելու է Մասիս խոշորացված համայնքի տարածքում: Կառուցման համար արդեն նախատեսված է 480քմ արտադրական նշանակության հողամաս։

Նախատեսվում է Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շահագործման ոչ պիտանի վերելակները փոխարինել  473 նոր վերելակներով, որը  կնպաստի Երևան քաղաքի փոխարինման ենթակա վերելակների թվի կրճատմանը: Նախատեսվում է կառուցել Նորք-Մարաշ վարչական շրջանի Գրիգոր Հովսեփյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապարհ, որի երկարությունը կկազմի շուրջ 1381 մ:  Երևան քաղաքում կիրականացվեն միջին նորոգման աշխատանքներ, որի շրջանակներում փոխվում է ասֆալտի ընդհանուր ծածկը: Երևան քաղաքում փողոցների միջին նորոգման աշխատանքները իրականացվելու են Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ, Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջանների թվով 19 փողոցներում՝ շուրջ 18,6 կմ:

Նախատեսվում է «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում (պատվիրակված լիազորություններ)» ծրագրի շրջանակներում ձեռք բերել  14 հատ թունելային հզոր օդափոխիչներ՝ 480,000.0 հազ. դրամի չափով: 

Երևան քաղաքի ավագանու 10-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգում ընդգրկված էր 24 հարց: Նիստը վարում էր  քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը:

  • Կիսվել: