Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կկառուցվի Փարիզի «Դեֆանս»-ի նմանությամբ բազմաֆունկցիոնալ թաղամաս
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Տիչինայի փողոցի հ.320 հասցեում գտնվող 118 հա մակերեսով հողամասում կկառուցվի Փարիզի «Դեֆանս»-ի նմանությամբ բազմաֆունկցիոնալ թաղամաս, որը կկոչվի «Դեֆանս Հաուզինգ»։ Ավագանու նիստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանն ասաց, որ շինարարությունն իրականացվելու է երեք փուլով: Առաջին փուլով նախատեսվում է կառուցել 63 բազմահարկ բնակելի շենք՝ ընդարձակ կանաչապատ բակերով:
Վարդանյանը նշեց, որ շինարարությանը զուգահեռ, Տիչինայի փողոցի հ.322 հասցեում գտնվող «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲ ընկերության անվամբ վարձակալության իրավունքով գրանցված 11 հա կից հողամասում հիմնվելու է փշատերև անտառ՝ Փարիզի Բուլոնյան անտառի նմանությամբ:
«Կառուցվելու են լճակներ, ջրային ավազաններ և շատրվաններ, որոնք կզբաղեցնեն շուրջ 5 հա հողատարածք: Թաղամասի ամբողջ տարածքում երթևեկությունը կազմակերպվելու է հեծանիվներով և էլեկտրական սայլակներով: Երևանի ծայրամասում ստեղծվելու է ֆրանսիական միջավայր՝ իր գործարար ակտիվությամբ, մշակութային հաստատությունների բազմազանությամբ, հանգստի և զբոսանքի համար նախատեսված անտառով, բազմաթիվ պուրակներով, ջրային ավազաններով և շատրվաններով»,-հավելեց նա: